
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ 86 ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն այդ արդյունքների` քննությանը մասնակցած 14 դիմորդներից երեքին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հրավիրված դիմորդներից մեկը չի ներկայացել: Հանձնաժողովի որոշմամբ աուդիտորի որակավորման վկայական է շնորհվել նաեւ Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպության կողմից որակավորված մեկ դիմորդի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 3 քննություն: Արդյունքում` 39 դիմորդներից քննությանը մասնակցել է 34-ը, որոնցից 10-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա հունիսի 23–ի դրությամբ որակավորման վկայական ունի 86 աուդիտոր: