ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԹՈՂԱՐԿԻ AMGN60147141 ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թողարկելու է AMGN60147141 թողարկման (ուղենիշային) պարտատոմսեր: Թողարկման ծավալը 40 000 000 000 դրամ: Պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքի նկատմամբ զեղչատոկոսով կամ հավելավճարով և մարվում են անվանական արժեքով: Արժեկտրոնի եկամտաբերությունը սահմանվում է տարեկան 12.5% և հաշվարկվում շրջանառության մեջ եղած պարտատոմսերի նկատմամբ: Արժեկտրոնների վճարումները կատարվում են կիսամյակային` թողարկման օրվա համապատասխան օրը: Պարտատոմսերի մարման օրն է` «14» հուլիսի 2014թ.:
Գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը պետք է լինի տեղաբաշխման ենթակա ծավալի 1%-ից ոչ պակաս, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների բավարարող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալի 20%-ը: Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1 000 դրամ: Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից` ներդրողների հաշվին: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան: