ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 14%-ՈՎ
ՀՀ հարկային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտների ընդհանուր ծավալն այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 14%-ով և կազմել 116 953,3 մլն ՀՀ դրամ, ընդ որում միայն ապրիլ ամսվա ընթացքում պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտների ծավալը կազմել է 36 524,8 մլն ՀՀ դրամ: Նշենք, որ այս տարվա հունվար ամսվա ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների ծավալը նախորդ տարվա հունվար ամսվա համեմատությամբ կրճատվել է 23,5%-ով և կազմել 21943,8 մլն ՀՀ դրամ, իսկ հունվար-փետրվար և հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել համապատասխանաբար 49201,5 մլն ՀՀ դրամ և 80428,5 մլն ՀՀ դրամ: Ընթացիկ տարվա հունվար-փետրվար և հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատությամբ կրճատվել է համապատասխանաբար 18,7%-ով և 17,3%-ով: