ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բոլոր կանխատեսվող վատագույն սցենարները պարտադիր չէ, որ իրականություն դառնան: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ում խոսքով` կառավարությունը մեծ ռեսուրսներ է տնտեսությանն ուղղում, ինչի արդյունքում այս տարեվերջին սպասվում է անկման կանխում: Դա կնպաստի 2010թ-ի համար աճի միտումներ ապահովելուն:
Ըստ նախարարի` Հայաստանը ոչ արագ, բայց պետք է կարողանա շրջադարձ ապահովել 2010թ-ի համար: Ներգրավվող միջոցները բավական են բյուջեի այսօր ունեցած դեֆիցիտը փակելու համար: Նախարարը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ սոցիալական ծրագրերը չեն կրճատվելու, իսկ հակաճգանաժամային ծախսերը էապես ավելանալու են: Դրանք ենթակառուցվածքների վրա կատարվող ծախսերն են, որոնք նոր աշխատատեղերի ստեղծման հետ են առնչվոււմ: Ն. Երիցյանը նաեւ նշեց, որ պետությունը պետք է օգտվի տնտեսական ճգնաժամի ստեղծած հնարավորություններից եւ տնտեսության մեջ զարգացում ապահովի: