ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ – ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾԱՄԸ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ
Հայաստանում տնտեսական լուրջ նախագծերի իրագործմանը ֆինանսատնտեսական ճգնաժամը չի անդրադառնա: Այն որոշ հետաձգումներ կանի, բայց նաեւ կտա որոշակի ժամանակահատված` դրանց ավելի լավ նախապատրաստվելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ընդգծել, որ նախատեսված բոլոր ծրագրերի ուղղությամբ կա առաջընթաց: Մասնավորապես, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար Ասիական զարգացման բանկի հետ կոնկրետ ծրագիր է քննարկվում, արդյունքները տեսանելի կլինեն սեպտեմբեր-հոկտեմբերին: Բանկը կֆինանսավորի այդ մեծ ծրագրի հիմնական մասը, որպեսզի կառուցվի հարավը հյուսիսին կապող բարձրակարգ ճանապարհ:
Ն. Երիցյանը նաեւ տեղեկացրել է, Եվրամիության անդամ երկրներն արդեն հավանություն են տվել Հայաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները սկսելուն: Դա կստեղծի լուրջ ենթակառուցվածներ, կբացի մեծ հնարավորություն Հայաստանի տնտեսավարող սուբյեկտների համար նոր շուկաներ մտնելու: