«Ֆորմուլա-1»-ը 76 տարեկան է. Հետաքրքիր փաստեր թագավորական ավտոմրցարշավի մասին
1950 թվականի մայիսի 13-ին Սիլվերսթոունի մրցուղում անցկացվեց «Ֆորմուլա-1»-ի առաջին առաջնության առաջին փուլը։ Ժամանակի ընթացքում այս մրցաշարային շարքը դարձավ ավտոսպորտի աշխարհի գլխավոր իրադարձությունը։ Հիշարժան տարեդարձի կապակցությամբ ներկայացնում ենք «Ֆորմուլա-1»-ի պատմությունից մի քանի հետաքրքիր փաստ։
Առաջին մրցարշավը հաղթեց Alfa Romeo-ն
Այսօր Միլանից հայտնի բրենդի մարզական ձեռքբերումները այնքան էլ հաճախ չեն հիշատակվում։ Իսկ ահա 1950-ականների կեսերին բոլորովին այլ պատկեր էր։ Հենց Alfa Romeo-ն էր թելադրում տեմպը F1-ի առաջին առաջնությունում։ 1950 թվականի մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Գրան-պրիում Alfa Romeo 158 երեք մեքենաները զբաղեցրին ամբողջ պատվոհարթակը։ Մրցարշավի հաղթող իտալացի Նինո Ֆարինան մրցաշրջանի ավարտին դարձավ նաև աշխարհի չեմպիոն։

Ամենահին թիմը՝ Ferrari
«Ֆորմուլա-1»-ում կա միայն մեկ թիմ, որը մասնակցել է բոլոր մրցաշրջաններին՝ առանց բացառության՝ սկսած 1950 թվականից։ Դա Ferrari-ն է։ Ամենահետաքրքիրն այն է, որ հենց Մեծ Բրիտանիայի Գրան-պրին թիմը բաց թողեց. իտալացիները կազմակերպիչների հետ համաձայնության չեկան մրցանակային ֆոնդի հարցում։

Կենդանի լեգենդ
Լիովին տրամաբանական է, որ Ferrari-ն «Ֆորմուլա-1»-ի ռեկորդակիրն է՝ թե փուլային հաղթանակների, թե առաջնություններում նվաճումների թվով։ Անհատական հաշվարկում պատմության ամենատիտղոսակիր մրցարշավորդը Լյուիս Հեմիլթոնն է՝ 105 հաղթանակ և 7 չեմպիոնական տիտղոս։ Երկրորդ տեղում Միխայել Շումախերն է՝ 91 հաղթած Գրան-պրի և 7 տիտղոս։

Ոչ միայն բաց անիվներ
Ընդունված է համարել, որ «Ֆորմուլա-1»-ի կանոնակարգը ենթադրում է միայն բաց անիվներով մեքենաների մասնակցություն։ Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել։ 1950-ականներին Գրան-պրիի մրցուղիներ թույլատրվում էր դուրս բերել նաև փակ անիվներով մեքենաներ։

Բաց է նաև գեղեցիկ սեռի համար
Կանոնների համաձայն՝ F1 մրցարշավներին կարող են մասնակցել բոլոր մրցարշավորդները՝ անկախ սեռից։ Սակայն կանայք առաջնության մասնակիցների թվում շատ քիչ են եղել։ Առաջինը Մարիա Թերեզա դե Ֆիլիպիսն էր՝ 1958 թվականին։ Իսկ միակ կին մրցարշավորդը, որին հաջողվել է միավորներ վաստակել մրցարշավում, իտալացի Լեյլա Լոմբարդին էր։
Յուրաքանչյուր մրցարշավ՝ հսկայական ծանրաբեռնվածություն օրգանիզմի համար
Կանանց համար մրցարշավների բարդությունը նախևառաջ կապված է մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, որը բաժին է ընկնում մրցարշավորդին։ Պարզապես պատկերացրեք․ միջինում մեկ Գրան-պրիի ընթացքում մարզիկները կորցնում են մինչև 4 կգ քաշ։
Աշխարհում ամենահայտնի մրցարշավները
«Ֆորմուլա-1»-ը իր ճանաչվածությամբ հավասարը չունի՝ առնվազն ավտոսպորտի և մոտոսպորտի մյուս կարգերում։ Տարեկան ավելի քան 500 միլիոն հանդիսատես ունեցող այս մրցաշարի հետ համաշխարհային մասշտաբով կարող են մրցել միայն Օլիմպիական խաղերը և ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Վտանգավոր սպորտ
Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ «Ֆորմուլա-1»-ը չափազանց վտանգավոր շոու է։ 77 մրցաշրջանների ընթացքում Գրան-պրիի մրցուղիներում զոհվել է 52 մրցարշավորդ, այդ թվում՝ Այրթոն Սեննան։

F1 մրցարշավները այնքան վնասակար չեն էկոլոգիայի համար, որքան շատերը կարծում են
Մաքուր մաթեմատիկա և ոչինչ անձնական։ Պարզապես հիշեք, որ այսօր 24 փուլերի ընթացքում, աշխարհի առաջնության բոլոր մասնակից մեքենաները միասին ծախսում են ավելի քիչ վառելիք, քան անհրաժեշտ է մեկ Airbus A380 ինքնաթիռի համար՝ Նյու Յորքից Տոկիո թռչելու համար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

