SpaceX-ը իրականացրել է պատմության խոշորագույն IPO-ն՝ 1,77 տրլն դոլար գնահատականով
SpaceX-ը հինգշաբթի ԱՄՆ-ում պատմության խոշորագույն առաջնային հրապարակային տեղաբաշխման գինը սահմանել է մեկ բաժնետոմսի դիմաց 135 դոլար՝ Իլոն Մասկի հրթիռատիեզերական ընկերությունը դարձնելով աշխարհի ամենաթանկարժեք ընկերություններից մեկը, գրում է Reuters-ը։ IPO-ի շրջանակում 555,56 մլն բաժնետոմսերի վաճառքից ներգրավվել է ռեկորդային 75 մլրդ դոլար, իսկ տիեզերական, արբանյակային և AI ծառայություններ մատուցող ընկերության գնահատականը հասել է 1,77 տրլն դոլարի։
Գնային որոշումը եզրափակել է ամիսներ տևած գործընթացը, որը դարձել է Մասկի մինչ օրս ամենահավակնոտ ֆինանսական նախագիծը։ SpaceX-ը միաժամանակ շրջել է IPO-ների մի շարք ավանդական կանոններ՝ գինը սահմանելով նախապես, մինչև դասական պահանջարկի վրա հիմնված գնագոյացման ավարտը, իսկ որոշ վերլուծաբաններ շարունակում են կասկածել՝ արդյոք ընկերության չափազանց բարձր գնահատականը հիմնավորված է։
Ուրբաթ Nasdaq բորսայում SPCX տիկերով առևտրի մեկնարկից հետո SpaceX-ը կդառնա ԱՄՆ-ում ցուցակված ընկերությունների շարքում յոթերորդ խոշորագույնը, թեև նախորդ տարի վնաս է կրել, իսկ այլ մեգակորպորացիաներ զգալիորեն գերազանցում են այն հասույթով։ Ընկերության գնահատականը գերազանցում է JPMorgan Chase-ի, Berkshire Hathaway-ի, Eli Lilly-ի, Meta Platforms-ի և Մասկի Tesla-ի շուկայական արժեքը։
«Իրական փորձությունը կլինի այն, թե ինչպես շուկան կմարսի IPO-ն առաջիկա շաբաթների ընթացքում, ոչ թե միայն առաջին օրը», — ասել է Նյու Յորքում գործող 50 Park Investments-ի գլխավոր տնօրեն Ադամ Սարհանը։ Նրա խոսքով՝ գինը սահմանվել է «ճիշտ մակարդակում», սակայն անհրաժեշտ է տեսնել, թե արդյոք առաջին առևտրային օրվանից հետո հետաքրքրությունը կպահպանվի։ Renaissance Capital-ի ավագ ռազմավար Մեթ Քենեդին նշել է, որ IPO-ների մեծ մասը սովորաբար ապահովում է 10-15% աճ, և եթե SpaceX-ի բաժնետոմսերի եկամտաբերությունը 10%-ից ցածր լինի, դա հիասթափեցնող կլինի, իսկ 50%-ից ավելի աճը կնշանակի, որ առևտուրը շարժվում է հիմնականում աղմուկի հաշվին։
SpaceX-ի IPO-ն գերազանցել է Saudi Aramco-ի նախորդ ռեկորդը, որը 2019 թվականի դեկտեմբերին Էր Ռիադի բորսայում ներգրավել էր 25,6 մլրդ դոլար՝ 1,71 տրլն դոլար գնահատականով։ SpaceX-ի 1,77 տրլն դոլար գնահատականը հիմնված է շրջանառության մեջ գտնվող 13,08 մլրդ բաժնետոմսերի վրա և կարող է ավելի մեծանալ, եթե տեղաբաշխման կազմակերպիչներն օգտվեն լրացուցիչ բաժնետոմսեր վաճառելու իրենց իրավունքից։ Reuters-ը ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունը ձգտում էր մոտ 1,75 տրլն դոլար գնահատականի։
Մասկը IPO-ն իրականացրել է իր պայմաններով։ SpaceX-ը բաժնետոմսերի 30%-ը պահել է մանրածախ ներդրողների համար, ինչը անսովոր մեծ մասնաբաժին է նման գործարքների համար։ Ընկերությունը նաև կառուցել է կառավարման մոդել այնպես, որ հիմնադիրն իր վերահսկողությունը պահպանի. IPO-ից հետո Մասկը վերահսկելու է SpaceX-ի ձայնի իրավունքի 82%-ը։ Տեղաբաշխման համատեղ գլխավոր մենեջերներն են Goldman Sachs-ը, Morgan Stanley-ն, BofA Securities-ը, Citigroup-ը և J.P. Morgan-ը։
SpaceX-ի հասույթի մեծ մասը ներկայում ապահովում է Starlink-ը, որը ինտերնետ կապ է տրամադրում միլիոնավոր սպառողների, բիզնեսների և պետական հաճախորդների 164 երկրներում, տարածքներում և շուկաներում։ Ընկերությունը նաև բազմամյա ամպային ծառայությունների համաձայնագիր է կնքել Alphabet-ին պատկանող Google-ի հետ՝ աճող մրցակցության պայմաններում հաշվողական հզորություններ ապահովելու համար։ Միաժամանակ SpaceX-ի գնահատականի հետ կապված ռիսկերը ներառում են պետական պայմանագրերից կախվածությունը և մրցակիցների, այդ թվում՝ Ջեֆ Բեզոսի Blue Origin-ի փորձերը արագացնել տիեզերքի առևտրայնացումը։
