Shell-ը 1.8 մլրդ դոլարով վաճառել է Հնդկաստանում իր «կանաչ» էներգետիկայի բիզնեսը
Բրիտանական Shell էներգետիկ ընկերությունը 1.8 մլրդ դոլարով հնդկական Aditya Birla Renewables ընկերությանը վաճառել է Հնդկաստանում քամու և արևային էներգիայի արտադրության իր բիզնեսը։ Գործարքն իրականացվել է նավթագազային ոլորտի վրա կենտրոնանալու ռազմավարության շրջանակում: Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ նավթագազային ընկերությունը շարունակում է կրճատել վերականգնվող էներգիայի աղբյուրներում ներդրումները և կենտրոնանալ առավել շահութաբեր ուղղությունների վրա։
Shell-ի վերամշակման, վերականգնվող էներգիայի և էներգետիկ լուծումների բաժնի ղեկավար Մախտելդ դե Հաանի խոսքով՝ ընկերությունը օպտիմալացնում է իր էլեկտրաէներգետիկ ակտիվների պորտֆելը և ձևավորում ավելի մրցունակ բիզնես։
Ավելի վաղ Shell-ի գլխավոր գործադիր տնօրեն Վայել Սավանը հայտարարել էր, որ համաշխարհային նավթի շուկայում առաջացել է շուրջ 1 միլիարդ բարելի չափով «փոս», որը օրեցօր խորանում է։ Նրա խոսքով՝ նման իրավիճակ է ստեղծվել այն պատճառով, որ այդ բարելները «արգելափակված էին և չէին արդյունահանվում»։ Սավանն ավելացրել է, որ այդ միտումն արդեն ակնհայտորեն նկատվում է նաև նավթի վերամշակման ոլորտում։
