Դոնալդ Թրամփի դեմ հայց է ներկայացվել՝ նրա գրառումներին վճարովի հասանելիության պատճառով
Դոնալդ Թրամփը պատասխանող է դարձել երկու ամերիկյան մեդիախմբերի կողմից ներկայացված հայցում՝ կապված Truth Social-ի նոր ծառայության հետ, որը նրա հրապարակումներին վաղաժամ հասանելիության համար ամսական մինչև 100 հազար դոլար է գանձում։
Ինչպես հայտնում է BBC-ն, հայցը Նյու Յորքի դաշնային դատարան են ներկայացրել The Intercept և Freedom of the Press Foundation կազմակերպությունները։ Հայցվորները պնդում են, որ նախագահի հաղորդագրություններին առաջնահերթ հասանելիության վաճառքը «արտասովոր, կոռումպացված և հակասահմանադրական» է։
Trump Media & Technology Group (TMTG) ընկերությունը հայտարարել է, որ հայցը ներկայացրել են «ձախակողմյան ակտիվիստները», որոնք ձգտում են գրաքննության ենթարկել նախագահին։
Ինչպես պարզաբանում է BBC-ն, Truth Social-ի վճարովի ծառայությունը բաժանորդներին գրեթե ակնթարթային հասանելիություն է տրամադրում Թրամփի հրապարակումներին․ նրանք դրանք ստանում են մի քանի վայրկյան շուտ, քան այդ հայտարարությունները հասանելի են դառնում լայն հանրությանը։ Հայցվորները պնդում են, որ այդ մի քանի վայրկյանը նշանակություն ունի, քանի որ Թրամփը հաճախ հարթակն օգտագործում է կարևոր իրադարձությունների մասին հայտարարություններ անելու համար, օրինակ՝ Իրանի հետ պատերազմի ընթացքում, որոնք կարող են ազդել ֆինանսական շուկաների վրա։
Նրանց կարծիքով՝ նման համակարգը անարդար առավելություն է տալիս նրանց, ովքեր կարող են իրենց թույլ տալ վճարել դրա համար՝ ստեղծելով իրավիճակ, երբ շուկայի համար զգայուն տեղեկատվությունը նախ հասնում է վճարովի հաճախորդներին։
BBC-ի տվյալներով՝ ներկայում ավելի քան 10 ընկերություններ ամսական մինչև 100 հազար դոլար են վճարում Truth Social-ի հրապարակումներին արագացված հասանելիության համար։
Trump Media and Technology Group-ն այս ծառայությունը, որը ստացել է Truth API անվանումը, ներկայացրել է հուլիսի կեսերին։ Ընկերությունը հայտարարել է, որ այն Թրամփի և այլ հայտնի օգտատերերի հրապարակումները կհասցնի հաշված միլիվայրկյանների ընթացքում։
Ի պատասխան հայցի՝ TMTG-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահ Թրամփի տեղեկատվությունը տարածվում է անհամար հարթակների և լրատվական կազմակերպությունների միջոցով, որոնցից շատերն առաջարկում են բաժանորդագրությամբ API-ներ։
