Իլոն Մասկը կրկին դարձել է տրիլիոնատեր՝ SpaceX-ի բաժնետոմսերի կտրուկ աճից հետո
Երկուշաբթի առավոտյան Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 1 տրլն դոլարը՝ ֆոնդային շուկայի բացումից հետո SpaceX-ի և Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ։ Այդպիսով, սկանդալային համբավ ունեցող տեխնոլոգիական մագնատը կրկին ստացել է տրիլիոնատիրոջ կարգավիճակը, որին առաջին անգամ հասել էր հունիսին։ Այս մասին գրում է Forbes-ը։
Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը զգալի տարբերությամբ երկրորդ տեղում է՝ 371.5 մլրդ դոլար կարողությամբ։
Ավելի վաղ Մասկը հունիսին դարձել էր աշխարհում առաջին տրիլիոնատերը՝ այն բանից հետո, երբ SpaceX-ի բաժնետոմսերը առաջին անգամ սկսել էին վաճառվել Nasdaq-ում։ Սակայն մի քանի օր անց նա կորցրել էր այդ կարգավիճակը՝ SpaceX-ի և Tesla-ի բաժնետոմսերի գների անկման պատճառով։
Վերջին օրերին նրա կարողությունը կրկին մոտեցել էր 1 տրլն դոլարի շեմին՝ SpaceX-ի և Tesla-ի բաժնետոմսերի աճի ֆոնին։ Անցած շաբաթ Tesla-ի երրորդ եռամսյակի մատակարարումների ծավալը գերազանցել էր վերլուծաբանների սպասումները, ինչը միայն ուրբաթ օրը Մասկի կարողությունն ավելացրել էր 61 մլրդ դոլարով։
Անցած շաբաթ Մասկը Թրամփի և արհեստական բանականության ոլորտի այլ ղեկավարների հետ հայտնվել էր Սպիտակ տանը, որտեղ նախագահը ներկայացրել էր արհեստական բանականության ոլորտում նոր «համաձայնագիր»։ Փաստաթուղթը սահմանում է մի շարք սկզբունքներ, որոնք կոչված են խթանելու արհեստական բանականության պատասխանատու զարգացումը։ Սակայն Թրամփն այն բնութագրել էր որպես միայն «բարոյական պարտավորություն» ունեցող փաստաթուղթ։ Մոտ 300 բառից բաղկացած համաձայնագիրը ոլորտի կարգավորման որևէ էական սահմանափակում կամ մանրամասն կանոններ չի սահմանում։
Անցած շաբաթ Թրամփը նաև հրամանագիր էր ստորագրել, որով կառավարությանը կարգադրել էր այսուհետ արհեստական բանականությունն անվանել «գերբանականություն»։ Այս գաղափարին աջակցել էր նաև Մասկը՝ կիրակի X-ում գրելով՝ այլևս ոչ մի AI, և հայտարարելով, որ «SI»-ն «ավելի լավ է»։ Տրիլիոնատերը X-ում հայտնել էր, որ SpaceX-ի դուստր ընկերությունը, որը կառավարում է Grok չաթբոտը՝ SpaceXAI-ն, կվերանվանվի «SpaceXSI»։ Սակայն ընկերությունը դեռևս ռեբրենդինգի պաշտոնական քայլեր չէր ձեռնարկել։
