SoftBank-ը նախատեսում է Մերձավոր Արևելքի գործընկերներից ներգրավել մինչև 100 մլրդ դոլար՝ ԱԲ ոլորտում ներդրումների համար
Ճապոնական SoftBank Group-ը մտադիր է Պարսից ծոցի երկրների ներդրողներից ներգրավել մինչև 100 մլրդ դոլար՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներում ներդրումների նոր ալիքը ֆինանսավորելու նպատակով։ Այս մասին, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, գրում է Financial Times-ը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շաբաթների ընթացքում SoftBank-ի ղեկավար Մասայոշի Սոնը բանակցություններ է վարել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից։
Ընկերությունը նախատեսում է մերձավորարևելյան ներդրողներից ստացված միջոցներն ուղղել հիմնադրամի ստեղծմանը, որը ձեռք կբերի ընկերություններ և կօպտիմալացնի դրանց գործունեությունը՝ արհեստական բանականության և այլ առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով։
Անցյալ շաբաթ ընկերությունը հայտարարել էր, որ OpenAI-ում ներդրել է 30 մլրդ դոլար՝ ChatGPT-ի մշակողի ֆինանսավորման վերջին փուլի շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն։
Մեկ ամիս առաջ SoftBank-ը ներգրավել էր 11.1 մլրդ դոլար՝ բարձր եկամտաբերությամբ կորպորատիվ պարտատոմսերի պատմության մեջ խոշորագույն տեղաբաշխման ընթացքում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

