Բիզնես Արմենիայի նախկին պրակտիկանտը դարձել է ներդրող ու արտադրություն է սկսել
Բիզնես Արմենիայի աջակցությամբ «Թաշչյան Գրուպ» ընկերությունը կոշիկների արտադրություն է սկսել և պատրաստվում է արտահանել առաջին խմբաքանակը։ Ամերիկահայ Քոլ Թաշչյանը գործարար ծրագիրը կազմել է Բիզնես Արմենիայում (նախկինում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ) պրակտիկա անցնելու ժամանակաշրջանում, իսկ ծրագիրն իրականացրել է պրակտիկան ավարտելուց մեկուկես տարի անց։
Քոլ Թաշչյանը գործը սկսել է 60 000 դոլարի ներդրումով և հայաստանյան արտադրողներից մեկի հետ համագործակցությամբ։ Կոշիկներն արտադրվում են էկոլոգիապես մաքուր նյութերից, ամբողջությամբ ձեռագործ են։ Արդեն արտադրվել է 400 զույգ կոշիկ, խմբաքանակն առաջիկայում կարտահանվի ԱՄՆ, առցանց վաճառքը՝ Areni1.store հասցեով։
«Սա դասական հաջողության պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է տնտեսագետից ներդրողի վերածվել, թե ինչպես փոքր ներդրումներով մեծ շուկաներ դուրս գալ։ Մեր թիմը սիրով ապահովել է մաքսային, հարկային, իրավական ընթացակարգերի և բեռնափոխադրումների խորհրդատվությունը, որը պատրաստ ենք անել ցանկացած ներդրողի ու արտահանողի համար»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Մեր արտադրած սպորտային կոշիկները որակական բարձր դասում են։ Ուսումնասիրել եմ հայկական կոշիկի պատմությունը և որոշել հենց ակունքներից էլ սկսել՝ մեր արտադրանքի համար ընտրելով «Արենի 1» ապրանքանիշը։ Մեծ աշխատանք ենք տարել նաև դիզայներների հետ՝ նորաձևության արդի պահանջները ավանդականի հետ համադրելու և բարձրակարգ արտադրանք ստանալու համար»,- նշել է «Թաշչյան Գրուպ» ընկերության հիմնադիր Քոլ Թաշչյանը։
«Ընկերության հիմնադիրը բիզնեսի զարգացման 5-ամյա ծրագիր ունի, որի շրջանակում նպատակ ունի նաև բարձրորակ հումքի մշակման յուրահատուկ տեխնոլոգիաներ ներդնել Հայաստանում։ Դա նաև հնարավորություն կտա կոշիկի արտադրության ամբողջ շղթան կազմակերպել Հայաստանում՝ առանց հումքն ամբողջությամբ կամ մասամբ արտերկրից ներմուծելու»,- նշել է Բիզնես Արմենիայի Ներդրողների աջակցության կառավարիչ Արման Խաչատրյանը։