Գինու եւ կոնյակի մեջ հասունացող պանրի արտադրությունը գրավել է արտասահմանցիներին
Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գործող «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ-ում արտադրված պանիրները, որոնք հասունանում են գինու եւ կոնյակի մեջ, մեծապես արժանանում են արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ տնօրեն Արման Միքայելյանը, ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին: Այստեղ հատուկ տեխնոլոգիաներով պատրաստվում է յոթ տեսակի պանիր, և ողջ տեսականին հիմնականում սպառվում է օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից: «Մեր արտադրած տեսականին չկրկնվող տեսականի է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ողջ աշխարհում: Թեեւ մենք օգտագործում ենք եվրոպական տեխնոլոգիաները, սակայն արդեն հայկականացված է մեր արտադրանքը՝ հաշվի առնելով տեղական հումքը: Արտադրվող պանրի յոթ տեսակներից չորսը հասունանում են գինու եւ կոնյակի մեջ: Տարեկան հասցնում ենք արտադրել մինչեւ երկու տոննա պանիր, որն ամբողջությամբ իրացնում ենք օտարերկրյա զբոսաշրջիկների միջոցով: Եթե անցած ամբողջ տարվա ընթացքում մենք ունեցել ենք ընդամենը 30 զբոսաշրջիկ, ապա այս տարվա ընթացքում նույնքան զբոսաշրջիկ ունենում ենք յուրաքանչյուր ամսում: Նրանք մեզ այցելում են Ֆրանսիայից, Շվեյցարիայից, այլ երկրներից: Համտեսը կատարում են տեղում, դիտում պատրաստման ու պահպանման պրոցեսները եւ գնում ապրանքը: Մեր արտադրանքն ամենօրյա սպառման չէ, այն ավելի շատ տոնական ու դեսերտ ապրանք է, որը գնում են նաեւ տեղացիները: Մեկ կիլոգրամի գինը տատանվում է 8-10 հազար դրամի սահմաններում: Նման որակի պանիրը Ֆրանսիայում արժե շուրջ հարյուր եվրո: Այդուհանդերձ, այս այցելությունների շնորհիվ մենք զարգանում ու ծավալվում ենք, թեեւ չենք հասնելու գործարանային արտադրության, քանի որ այդ դեպքում կկորցնենք մեր հռչակը եւ արտադրանքի բուն բովանդակությունը: Հեռանկարում մեզ տեսնում ենք որպես ծավալվող արտադրամաս, բայց ոչ թե մեծ ծավալի արտադրանք տվող գործարան: Մեր արտադրանքի հասունացման պրոցեսը տեւում է վեց ամսից մինչեւ չորս տարի։ Արտադրանքը ենթարկվում է լաբորատոր ստուգման»,-ներկայացրեց Արման Միքայելյանը:
«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ-ն ընտանեկան բիզնեսի ամենահաջողված օրինակներից մեկն է Գեղարքունիքի մարզում: Տարիներ առաջ ընտանիքը, օջախի հայր Աշոտ Միքայելյանի գլխավորությամբ, շուրջ 40 խոշոր եղջերավոր անասուն է ունեցել, որոնցից 22-ը եղել են կթու կովեր: Դրանց թիվն այժմ հասել է 10-ի։ Ստացվող կաթն ընտանիքի հարսը՝ Շաքարյան Մարինեն, տարածաշրջանում ընդունված ավանդական եղանակով, առանց պաստերիզացման, վերածում է պանրի։ Քամիչից վերցվող պանիրը տեղափոխվում է համեստ արտադրամաս, որտեղ ոչ պակաս, քան 6 ամիս ժամկետով, այն դրվում է գինու, կոնյակի կամ խաղողի տերեւների մեջ՝ նախ ազատելու համար հավանական մանրէներից, ապա՝ ստանալու համար այն համն ու բույրը, որը հայկական եւ համաշխարհային շուկայում այս կաթնամթերքը դարձնում է յուրատեսակ։ Ամենատարբեր գործերում ընտանեկան բիզնեսին օգնում է նաեւ ընտանիքի մայրը՝ Սոնան: Արտադրությունն իր հերթին խթանում է գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում: «Արտադրանքի եւ հայկական մշակույթի միջեւ կապերը մենք ստեղծել ենք դեռեւս այն պահին, երբ անուններ ենք ընտրել արտադրանքի համար։ Ամենահամեղ պանիրներից մեկն, օրինակ, կոչվում է Նարեկ, մի հանգամանք, որն իրենից ենթադրում է փոքրիկ պատմական ակնարկ՝ Նարեկավանքի եւ Գրիգոր նարեկացու մասին։ Մեր մառանի կողքին, պտղատու այգում, իրենց ուրույն տեղն են գտել մի քանի հայկական կարասներ, իմ որդի Դավթի քանդակները, սանդերք, երկանք, հնագիտական այլ իրեր, որպեսզի բակ մտնող յուրաքանչյուր մարդ նկատի մեր հարուստ մշակույթի վկայությունները, հետաքրքրվի մեր ազգի ստեղծած հոգեւոր արժեքներով: Մենք մտահղացել ենք նաեւ գինու շտեմարան ստեղծելու գաղափարը: Այցելուն իր հետ գինի է բերում, որը մակագրված է իր կողմից, իսկ մեր կողմից այն զմռսվելու եւ պահվելու է մեզ մոտ: Այցելուի թողած մակագրությունը թույլ է տալիս նրա որդուն, թոռանը, ծոռին՝ ապագայում գալ Հայաստան, բաց անել, վայելել իր նախնու մակագրած խմիչքը»,-նշեց Աշոտ Միքայելյանը։
Բոլորովին վերջերս Միքայելյանների արտադրանքը գրավել է ՄԱԿ-ի հիմնադրամի ներկայացուցիչների ուշադրությունը։ Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրերի շրջանակում այժմ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ Միքայելյանների տան բակում կառուցվում է 110 քառակուսի մետր մակերես զբաղեցնող մառան, որը կստեղծի ավելի լավ պայմաններ թե՛ արտադրանքի ստացման ու պահպանման, թե՛ ստորգետնյա պայմաններում համտեսում կազմակերպելու համար: Միքայելյան ընտանիքի արտադրանքը հաջող քննություն է բռնում հանրապետական ու միջազգային բոլոր փառատոններում ու ցուցահանդեսներում:
«Մեր տունը պետք է մենք կառուցենք, մեր փողոցը մեր բակի նման մենք պետք է մաքրենք։ Պետք է դադարենք ասելուց, որ մեր երկրում աշխատանք չկա։ Հայաստանում մեր օրերում աշխատանք է գտնում հնդիկը, չինացին, ուրեմն հայն անխոս կարող է գտնել»,- զրույցը եզրափակեց Աշոտ Միքայելյանը։
Խոսրով Խլղաթյան