ԿԱՐԵՆ ՏՈՒՐՅԱՆ. ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱԼԻ Է
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանի հարցազրույցը «Բիզնես 24»-ին.
«Բիզնես 24» – Երեկ` դեկտեմբերի 22-ին, ավարտվեց «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ լրացուցիչ թողարկած բաժնետոմսերի տեղաբաշխումն` ազատ բաժանորդագրության միջոցով: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները:
Կարեն Տուրյան – Նախնական տվյալնելով, դեկտեմբերի 21-ի դրությամբ 1 մլն 400 հազար հատ բաժնետոմսերից տեղաբաշխվել է 1 մլն 130 հազար բաժնետոմս, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է շուրջ 1 մլրդ 250 մլն ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է նախապատվության իրավունքի կիրառման ժամանակահատվածում բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքներին, ապա այդ փուլում նախապատվության իրավունքից օգտվել էր 50 բաժնետերեր, որոնց կողմից ձեռք էր բերվել 114,4 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 103 հազար հատ բաժնետոմս:
Նշեմ նաև, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը, որը «Արցախ ՀԷԿ»-ի խոշոր բաժնետերն է (85,5%-ը), բնակչության ավելի լայն շերտեր ներգրավելու նպատակով` հրաժարվել էր լրացուցիչ թողարկմանը իր կողմից ձեռք բերվելիք բաժնեմասից, և այդ բաժնետոմսերը տեղաբաշխման են ներկայացվել` ազատ բաժանորդագրության միջոցով։ Միևնույն ժամանակ, մյուս բոլոր խոշոր բաժնետերերը, որոնք ձայնի կշիռ ունեին և ցանկանում էին պահպանել իրենց մասնացկության կշիռը, օգտվել էին նախապատվության իրավունքից: Փաստացի, նախապատվության իրավունքից օգտվելու ժամանակահատվածում տեղաբաշխվել էր նախատեսված ծավալի 51%-ը։
«Բիզնես 24» – «ԱՐՑԱԽ ՀԷԿ»-ի բաժնետոմսերը, որպես ֆինանսական գործիք, որքանո՞վ են գրավիչ ներդրողների համար:
Կարեն Տուրյան – Եթե դիտարկենք բաժնետոմսը որպես պետական պարտատոմսի այլընտրանք, ապա այս դեպքում, որպես կանոն, կարճաժամկետ փուլում բաժնետոմսի եկամտաբերությունն ավելի բարձր է լինելու, քան պետական պարտատոմսինը: Այս տեսանկյունից, եթե խոսենք «ԱՐՑԱԽ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի մասին, ապա նախորդ տարվա փաստացի տվյալներով` ապրիլ ամսին ձեռքբերված բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմել է 15%: Միևնույն ժամանակ, բաժնետոմսերի գների աճի դիտարկման դեպքում (տարեսկզբին ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվել էին 1050 դրամով, իսկ տարեվերջին բաժնետոմսերի գինը հասել էր 1070 դրամի) ընկերության բաժնետոմսերի եկամտաբերությունը, նախորդ տարվա տվյալներով, կազմել է 17%: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ «ԱՐՑԱԽ ՀԷԿ»-ի բաժնետոմսերը համարժեք են 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերին: Բացի այդ, ի տարբերություն պարտատոմսերի, բաժնետոմսեր ձեռք բերելու դեպքում Դուք դառնում եք ոչ թե ընկերության պարտատեր, այլ սեփականության իրավունք եք ձեռք բերում:
«Բիզնես 24» – Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկաների ներկայիս վիճակը, և Ձեր կարծիքով, ինչպիսի՞ զարգացում է սպասվում:
Կարեն Տուրյան – Պետական պարտատոմսերի և վարկային ռեսուրսների տոկոսադրույքների ներկայիս մակարդակները ուղղակիորեն սահմանափակում են կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկայի ակտիվությունը, մասնավորապես`մի կողմից ներդրողների համար ստեղծվել է իրենց միջոցները պետական պարտատոմսերում ներդրելու բավականին գրավիչ հնարավորություն, մյուս կողմից, պոտենցիալ թողարկողները հնարավորություն ունեն ձեռք բերել բավականին մատչելի պայմանով վարկային ռեսուրսներ: Դրական տեղաշարժեր կարող են գրանցվել, եթե պետական պարտատոմսը, որպես խնայողության միջոց, ունենա ցածր եկամտաբերություն և մյուս կողմից ֆինանսական շուկայում ձևավորվեն երկարաժամկետ դրամային ռեսուրսներ:
Ինչ վերաբերում է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկաների հնարավոր զարգացումներին, ապա այս առումով առաջիկա մեկ տարում մեծ տեղաշարժեր չեն սպասվում: Պետք է նախ կայունանա իրավիճակը դրամի արժեքի հետ, ինչը հենց արտահայտվում է պետական պարտատոմսի եկամտաբերության մեջ: Ամփոփվելով կարող եմ նշել, որ շուկայում դրական տեղաշարժ կգրանցվի, երբ պետական պարտատոմսի եկամտաբերութունը իջնի այնքան, որ մարդիկ ձգտեն գնալ առավել մեծ ռիսկի և իրենց միջոցները տեղաբաշխեն կորպորատիվ արժեթղթերում:
«Բիզնես 24» – Ինչպիսի՞ ն է մրցակցությունը ՀՀ բանկային ներդրումային ծառայությունների շուկայում, և որո՞նք են «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ի մրցակցային առավելությունները:
Կարեն Տուրյան – Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ՀՀ բանկային ներդրումային ծառայությունների շուկայում մրցակցություն կա: Մրցակիցներ նույնպես կան: Հայաստանյան բոլոր բանկերը, օրենքի սահմաններում, փաստացի կարող են մատուցել ներդրումային ծառայություններ: Այս տեսանկյունից հիմնական խնդիրն այն է, որ ներդրողների և ներդրումային այլընտրանքների քանակը բավականին նեղ է: Մեր բնակչության գերակշիռ մասը դեռևս պատրաստ չէ մուտք գործել ներդրումային ծառայությունների շուկա:
Ինչ վերաբերում է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿե-ի մատուցած ներդրումային ծառայություններին, ապա այսօր մենք ներդրողներին առաջարկում ենք ներդրումային ծառայությունների ամբողջական փաթեթ: Բացի հայկական արժեթղթերից մեր հաճախորդներն առանց սահմանափակումների կարող են մեր աջակցությամբ գործառնություններ կատարել ինչպես ամերիկյան և եվրոպական, այնպես էլ ռուսական շուկաներում` ձեռքբերելով և վաճառելով արժեթղթեր թե դոլարով և եվրոյով, և թե ռուսական ռուբլով: Միևնույն ժամանակ, առավել փորձառու հաճախորդներին մենք տրամադրում ենք տերմինալներ, որոնց միջոցով վերջիններս կարող են ուղղակիորեն գնել և վաճառել արժեթղթեր դրսում: Բացի այդ, տրամադրում ենք նաև ռիսկերի ապահովագրման և հեջավորման գործիքներ:
Նշեմ նաև, որ ներդրումային բանկային ծառայությունների մատուցման շրջանակներում բանկը վերջերս գործարկեց նաև իր ներդրումային վեբ-կայքը` invest.armswissbank.am` հաճախորդներին առաջարկելով ընդլայնել իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը: Նոր կայքը հաճախորդներին հնարավորություն է տալիս առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ միջազգային շուկաների իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես, կայքում կարելի է գտնել հիմնական ինդեքսների, խոշոր ընկերությունների բաժնետոմսերի, այլ արժեթղթերի, ֆոնդային ապրանքների գնանշումները, հիմանական արժույթների կրոս փոխարժեքները, դրանց գրաֆիկները, ՀՀ և միջազգային շուկաների վերաբերյալ վերլուծություններ, ինչպես միջազգային, այնպես էլ ՀՀ ֆինանսական շուկաներում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների մասին հակիրճ նորությունները, կարևորագույն վիճակագրական տվյալների հրապարակման արդյունքները, ինչպես նաև շուկայի վրա ազդեցություն գործող այլ կարևորագույն նորություններ: