ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ ՉԿԱ
Հայաստանում ոչ զբոսաշրջային օպերատորների, ոչ էլ հյուրանոցային տնտեսության օբյեկտների շրջանում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ չկա: Պետությունն այսօր մասնավոր հատվածի գնային քաղաքականության վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ գները թելադրում է շուկան: Այսօր հրավիրած ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը` նշելով, որ գնային քաղաքականության վրա ազդել հնարավոր է միայն տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքով նախատեսված դեպքերում, եթե հիմնավորվի, որ տնտեսվարող սուբյեկտն ունի գերիշխող դիրք:
Մ.Ապրեսյանի ներկայացրած տվյալների համաձայն` Հայաստանում այսօր գործում է 70-ից ավելի հյուրանոց, ակտիվ գործունեություն են ծավալում առողջարանները, մի քանի մոթելներ, զբոսաշրջային տներ, ճամբարներ, զբոսաշրջային բնակատեղիներ: Ըստ նրա` հանրապետությունում որակավորված է 10 հյուրանոց, չորս զբոսաշրջային տուն: Հայաստանում գործող հինգ աստղանի միակ հյուրանոցը «Գոլդեն փելես»-ն է: Մեր երկրում երկու աստղանի հյուրանոց չի գործում: