ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿՍԱՀՄԱՆՎԻ ԽՍՏԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Երեւանում իրականացվող շինարարական աշխատանքների որակի եւ ժամկետների նկատմամբ խստացված վերահսկողություն պետք է սահմանել: Երեւանի քաղաքապետարանում այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում նման պահանջ է ներկայացրել քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը` հանձնարարելով խիստ լինել այն ընկերությունների նկատմամբ, որոնց քաղաքապետարանի կողմից շինաշխատանքներ կատարելու թույլտվություն է տրվում: Ըստ փոխքաղաքապետի` «Երեւան ջուր», «ԱրմենՏել», «Երեւանգազ» եւ «Հայէլցանցեր» ընկերությունները ցանցերը նորոգելու ընթացքում քանդում են մայրաքաղաքի փողոցներն ու դրանք ժամանակին եւ պատշաճ որակով չեն վերականգնում: Հանձնարարվել է այս ուղղությամբ հսկողությունը խստացնել:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, խորհրդակցության ընթացքում նշվել է, որ Երեւանի բակերն արդեն ապահովված են գիշերային լուսավորությամբ: «Երքաղլույս» ընկերությունն ու Երեւանի վարչական շրջանները լուսատուներն ու արտաքին լուսավորության ցանցն անխափան շահագործելու հանձնարարականներ են ստացել:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ մայրաքաղաքում կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումներին եւ բյուջետային գանձումներին առնչվող խնդիրներ: