ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ
Հուլիսի 9-31-ին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացավող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի համատեղ ջանքերով անցկացվել են Զբոսաշրջության ամառային դասընթացներ: Դրանք ուղղված են եղել ուսանողների` զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտին վերաբերող գիտելիքների ու հմտությունների խորացմանը, ոլորտի հիմնախնդիրների շուրջ իրազեկության բարձրացմանը, ուսումնական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջեւ ակտիվ համագործակցության խթանմանը, ինչպես նաեւ աշխատուժի զարգացման համապատասխանեցում ընդլայնվող շուկայի պահանջներին:
CAPS-ի կողմից արդեն 2-րդ տարին անընդմեջ անցկացվող դասընթացին մասնակցել են ուսանողներ զբոսաշրջության ոլորտի առաջատար ուսումնական հաստատություններից, այդ թվում` Հայաստանում Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից, Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջից, Երեւանի պետական հումանիտար քոլեջից, Երեւանի պետական համալսարանից, Տուրիզմի հայկական ինստիտուտից, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանից, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից եւ Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղից:
Այդպիսով նպատակ է դրվել լուծել այն խնդիրը, երբ ԲՈՒՀ-երում ստացած կրթության ու գործատուի կարիքների միջեւ անհամապատասխանության հետեւանքով զբոսաշրջության ոլորտի ուսանողները աշխատավայրում լուրջ խնդիրներ են ունենում: Նման դասընթացների միջոցով CAPS-ը փորձում է հարթել այդ անջրպետը եւ պատրաստել երիտասարդ մասնագետներին իրենց ապագա կարիերայի համար: Հուլիսի 31-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Զբոսաշրջության ամառային դասընթացների շրջանավարտներին վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: