ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. «ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է»
Այս տարվա առաջին կիսամյակում ՓՄՁ-ների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացել են 1.22 տոկոսով, ինչը վկայում է, որ դրանք ակտիվ են գործում: Այսօր կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կարծիք հայտնելով, որ դա վկայում է երկրի տնտեսության դիմադրողականության ավելացման մասին: Դրան նպաստել են նաեւ կառավարության խթանիչ քայլերը հատկապես ՓՄՁ-ների մասով: «Կառավարությունը հետեւողական է փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում: Չնայած ՀՆԱ-ի մոտ 16 տոկոս անկմանը եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը` կառավարության հակաճգնաժամային միջոցառումները տվել են արդյունք»,-նկատեց գործադիրի ղեկավարը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այս առումով նիստից հետո կայացած ասուլիսին նշեց, որ խնդիր է դրված ճգնաժամի ելքի պայմաններում ոչ թե ավանդական, այլ նորամուծական եւ արտահանման ուղղվածություն ունեցող բիզնես խմբեր ունենալ, որպեսզի տնտեսությունը դիվերսիֆիկացվի: