ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 6 ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԵՎ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ հայաստանյան վեց բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ այսօր կնքվեց փոխհամաձայնության հուշագիր, որի նպատակն է բուհերի ուսանողների արտադրական եւ նախադիպլոմային պրակտիկայի անցկացումը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում, մասնագիտական առարկաների համատեղ դասավանդման կազմակերպումն ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների եւ աշխատանքային ծրագրերի իրականացումը եւ այլն: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, համագործակցությունը համարելով կառուցողական, նշեց, որ այս հուշագրով Հայաստանի երիտասարդությանն ընձեռնվում է ստանալ ավելին, քան տեսական գիտելիքները: «Մենք ցանկանում ենք, որ մեր երիտասարդ հայրենակիցները լինեն պատրաստ` իրենց մասնագիտական փորձի կայացման ճանապարհին»,- ասաց Ռ. Յիրիկյանը: Ըստ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանի` Հայաստանի շրջանավարտներից շատերը ծանոթ չեն աշխատաշուկայի պահանջներին. այդ իսկ պատճառով նրանց համար շատ դժվար է լինում ավարտելուն պես աշխատանքի ընդունվել: Նրա խոսքով, այս համագործակցությամբ ուսանողական գիտելիքները կվերածվեն գործնականի, ասպիսով նպաստելով շրջանավարտի ճիշտ կողմնորոշմանը եւ աշխատանքի ձեռք բերմանը: Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի խոսքով, չնայած այս երեւույթը նոր է Հայաստան մուտք գործում, բայց խոստանում է լինել արդյունավետ եւ բեղմնավոր:
Փոխհամաձայնության հուշագրի տակ ստորագրեցին Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ), Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը, Գավառի եւ Գորիսի պետական համալսարանները, ինչպես նաեւ Լոնդոնի Քավենդիշ համալսարանի հայաստանյան մասնաճուղը:
Ռ. Յիրիկյանը կոչ արեց Հայաստանի բոլոր կորպորատիվ ընկերություններին միանալ այս արշավին` հիմք դնելով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթված հասարակության ստեղծմանը: