
ԴՐՍՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԵՐԻ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՎԵՐԱԴԱՐՁ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 40 տոկոսով: Դա պայմանավորված է նրանով, որ ճգնաժամի հետեւանքով նվազել է նաեւ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը` ավելացնելով, որ այն մտահոգությունները, թե դրսում աշխատող հայերի մեծածավալ վերադարձ կարող է լինել, ինչը, հնարավոր է, երկրում մի շարք խնդիրների հանգեցնի, մասնավորապես, զբաղվածության առումով, փարատվել են. նման բան տեղի չի ունեցել:
«Մեր միգրանտների մոտ 65 տոկոսն իրենց համար բնակության վայր են ընտրել Ռուսաստանը եւ, մեր ունեցած տվյալների համաձայն, նրանք չեն պատրաստվում վերադառնալ Հայաստան»,- ասաց Եգանյանը: Ռուսաստանում հայ միգրանտները հիմնականում զբաղվում են շինարարությամբ: