ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԹԱԳԾՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՎ ԲԵՌՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՎՐՈՊԱ
Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հետաքրքրությունը եւ տնտեսական շահավետությունը միայն կավելանա: Դրա միջոցով կապահովվի Հայաստանի տարածքով տարանցիկ սկզբունքով Ասիական տարածաշրջանից մինչեւ Եվրոպական տարածաշրջան փոխադրումների իրականացման հնարավորությունը: Այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Ըստ նրա` ներկայում Թուրքիայում Բոսֆորի նեղուցի տակով կառուցվող երկաթուղային թունելի միջոցով, որը 2011-ին կավարտվի, հնարավոր կդառնա ցամաքային ուղով երկաթգծի միջոցով Ասիական տարածաշրջանից Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով բեռներ տեղափոխել դեպի Եվրոպա:
Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ գումարները պետք է հատկացնի Ասիական զարգացման բանկը: Դրանից ակնկալվում է ստանալ նախ դրամաշնորհ` տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները, որոնց համար կպահանջվի 6-7 ամիս: Դրանց կհաջորդեն նախագծային եւ շինարարական աշխատանքները: