ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է «ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ» ՀԵՏ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Կասպերսկու Լաբորատորիայի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Կասպերսկու Լաբորատորիայի» հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները, այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի (ՏՏ) անվտանգության եւ հարակից հարցերի վերաբերյալ դասընթացների, ուսանողների շրջանակում սեմինարների, կոնֆերանսների եւ մրցույթների կազմակերպման, պետական համակարգում ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման եւ որակավորման բարձրացման, արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների նպատակաուղղված ներդրման հարցերը։
Հանդիպման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը եւ համակարգչային անվտանգության ու հակավիրուսային ծրագրային ապահովման ոլորտի առաջատարներից «Կասպերսկու Լաբորատորիան» ստորագրել են «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման հուշագիրը, որը թույլ կտա տեղեկատվական անվտանգության ոլորտում երկուստեք հաստատել առավել արդյունավետ համագործակցություն։
Ստորագրմանը ներկա են եղել նաեւ «Կասպերսկու Լաբորատորիայի» հավաստագրված գործընկեր` «Սոֆթլայն» ընկերության գլխավոր տնօրենը եւ ընկերության այլ ներկայացուցիչներ։
Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի եւ «Կասպերսկու Լաբորատորիայի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու համատեղ մամուլի ասուլիսը։