ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՓՄՁ-ՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ՀՀ վարչապետին կից ստեղծված օպերատիվ շտաբը, որը զբաղվում է փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցության հարցերով, արդեն քննարկել եւ հաստատել է ՓՄՁ աջակցության մոտ 40 ծրագիր: : Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ ՓՄՁ-ների համար կառավարությունը նաեւ էականորեն նվազեցրել է հարկային բեռը. ավելացված արժեքի հարկից ազատվում են մինչեւ 58.6 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտները. այդ շեմը նախկինում ընդամենը 3 մլն դրամ էր: Նախորդ տարի այս շեմից ցածր գտնվող 32 հազար տնտեսվարող սուբյեկտ է եղել: «Այս տարի այդ թիվն առնվազն պահպանվել է»,-նկատեց Վ. Արամյանը: Բացի այդ` մինչեւ 58.6 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտների համար պարզեցվել են նաեւ հարկային հաշվետվողականության մեխանիզմները. նրանք եկամտահարկի ու շահութահարկի մասով հաշվետվություն կներկայացնեն տարին մեկ անգամ: Մինչեւ 100 մլն դրամ շրջանառություն ունեցողների համար եւս հարկային դաշտը պարզեցվել է, նրանք նույնպես իրենց հաշվապահությունը կիրականացնեն ավելի պարզեցված մեթոդով: Եւս մեկ քայլ` հօգուտ տնտեսվարող սուբյեկտների. մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների մոտ ժամանակավորապես դադարեցվել են տեսչական ստուգումները: