ՏՄՊՊՀ – ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է 2010Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովն այսօր քննարկել է 2010 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որտեղ ներկայացված են հանրապետությունում իրականացվող մրցակցային քաղաքականության առանձնահատկությունները, տնտեսության տարբեր ճյուղերում մրցակցության իրավիճակի եւ մրցակցային միջավայրի բնութագրումը, ինչպես նաեւ սահմանված են արդի պայմաններում մրցակցության զարգացման եւ խրախուսմանն ուղղված տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմները:
Ծրագիրն իրենից ներկայացնում է Հանձնաժողովի կողմից իրականացվող հաջորդական միջոցառումների համակարգ, որոնք ուղղված են մրցակցության պայմանների ապահովմանը եւ օպերատիվ ձեւով անդրադառնում են երկրում տնտեսական իրավիճակի փոփոխություններին:
Հանձնաժողովը 2010 թ. ծրագրում է իրականացնել տնտեսական մրցակցության քաղաքականությունը` հետեւյալ գերակա ուղղություններով. սոցիալական նշանակության եւ մյուս շուկաներում հակամրցակցային գործողությունների բացահայտում եւ դադարեցում, այդ գործողությունների ուժեղացում, ՀՀ կառավարության, նախարարությունների, գերատեսչությունների եւ այլ շահագրգիռ մարմինների հետ մրցակցային արդյունավետ քաղաքականության համատեղ գործողությունների իրականացում, մրցակցության քարոզչությանն ուղղված աշխատանքների ուժեղացում, աջակցություն տնտեսական մրցակցության օրենսդրության շրջանակներում հասարակության տեղեկացվածության ապահովմանը:
Մրցակցության պաշտպանության քաղաքականությունը Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել տեղեկատվական բազայի ընդլայնման, հակամրցակցային համաձայնությունների հայտնաբերման, կանխման, արգելման, շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների վարքագծի հնարավոր չարաշահումների, անբարեխիղճ մրցակցության հայտնաբերման, հասարակության տեղեկացվածության բարձրացման, մրցակցային օրենսդրության լրամշակման միջոցով: Հանձնաժողովը կշարունակի ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների հետ: