
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «DOING BUSINESS 2010» ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում Համաշխարհային բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ կազմակերպված «Doing Business 2010» թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին նաեւ մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Ողջունելով քննարկման մասնակիցներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման խնդիրները եւ նշել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է բարելավել «Doing Business» զեկույցում արտացոլված ցուցանիշները։ Գործադիրի ղեկավարը նշել է նաեւ, որ չնայած առաջընթացին, լուրջ ու հետեւողական աշխատանք պետք է տարվի ոչ միայն օրենսդության, այլեւ վարչարարության պրակտիկայի բարելավման ուղղությամբ։
Տիգրան Սարգսյանը Հայաստանի դիրքի յոթ տեղով բարձրացումը գոհացուցիչ չի համարել, այս առումով անելիքներ կան։ Դրանցում հաջողություն ունենալու գործում կարեւոր է մասնավորի եւ հասարակական կազմակերպությունների ու պետության գործակցությունը։
Քննարկումը նվիրված է բիզնես միջավայրի խնդիրներին, որոնք հիմնված են «Doing Business 2010»-ի հետազոտությունների վրա։ Հետազոտության խորագիրն է «Բարեփոխվելով դժվար ժամանակներում», որ թվով 7-րդ տարեկան զեկույցն է` հրատարակված Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Համաշխարհային բանկի կողմից։
Զեկույցում նշվել է, որ այս տարի Հայաստանն իր դիրքերը բարելավել է` անցյալ տարվա 50-րդ տեղից հասնելով 43-րդին համաշխարհային 183 տնտեսությունների շարքում։