
ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇՈՒՏՈՎ ՀԱՅՏՆՎԵՆ ՆՈՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲՐԵՆԴՆԵՐ
Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման դեպքում Հայաստան կմտնեն նաեւ համաշխարհային մի շարք խոշոր բրենդներ, որոնք Անդրկովկասում գործելու արտոնագիր ունեն, սակայն Հայաստանում ներկայացված չեն փոքր շուկաների պատճառով: Այսօր հրավիրված ասուլիսին նման կարծիքով հանդես եկավ տնտեսագետ Գագիկ Վարդանյանը: Նա համոզված է, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կաճի մոտ 1 տոկոսով, քանի որ այդպիսով Հայաստանի համար բացվում է նոր ծովային ելքի հնարավորություն դեպի այլ երկրներ: Միաժամանակ համոզմունք հայտնելով, որ նաեւ դրական որակական փոփոխություններ կլինեն ՀՆԱ կառուցվածքում, տնտեսության մեջ կզարգանան նոր ճյուղեր: Նա կարեւորեց, որ մեծանում է հավանականությունն այն բանի, որ Հայաստանը կընդգրկվի տարածաշրջանային նշանակության խոշոր ծրագրերի մեջ:
Այն կարծիքները, թե հայկական շուկան սահմանի բացման արդյունքում կլցվի թուրքական էժան եւ գուցե նաեւ անորակ ապրանքներով, ինչի արդյունքում կտուժի եւ սպառողը, եւ տեղական արտադրողը, Գ. Վարդանյանն այնքան էլ հիմնավորված չի համարում: Դրանից, ըստ նրա, կշահի մրցակցությունը, իսկ սպառողն, ավելի լավ, թող շահի:
«Պետք չէ հաշվել ուրիշի փողերը: Եթե սահմանի բացումը մեզ համար լավ է, արդեն լավ է»,-ասաց նա` պատասխանելով այն հարցին, թե սահմանի բացումն ինչ նշանակություն կունենա Թուրքիայի համար: