ՎԱՂԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 30-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Հոկտեմբերի 7-ին Երեւանում կմեկնարկեն ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստի աշխատանքները:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, նիստի աշխատանքների բացումը վերապահված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նիստի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ հակամենաշնորհային մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Տաջիկստանից, Ուկրաինայից, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ չհանդիսացող մի շարք երկրների (Ռումինիա, ԱՄՆ, Հունգարիա, Ավստրիա) հակամենաշնորհային մարմինների եւ մրցակցության հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ:
Ա. Ուդումյանի տեղեկացմամբ` նիստի ընթացքում կքննարկվեն Հակամենաշնորհային քաղաքականությանը, մրցակցության կարգավորմանը եւ մի շարք այլ հարցերի վերաբերող ամենաարդիական թեմաները: Կներկայացվեն նաեւ հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ հետազոտությունների արդյունքները, նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածներում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունները, կքննարկվեն գների մոնիտորինգի մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմների հեռանկարային մոդելների մշակմանը վերաբերող եւ այլ հարցեր: