ՏՄՊՊՀ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի եւ Ռումինիայի մրցակցության խորհրդի միջեւ այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրմամբ երկու երկրների մրցակցային մարմինները նպատակ ունեն ստեղծել բարենպաստ պայմաններ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, խթանել եւ ամրապնդել մրցակցության օրենսդրության ոլորտում կողմերի միջև համագործակցությունը` հիմնվելով հավասարության և փոխադարձ շահերի սկզբունքների վրա:
Ըստ Հուշագրի, համագործակցությունն իրականացվելու է հետեւյալ ուղղություններով. փոխադարձ աջակցություն` կողմերի առկա փորձի հիման վրա, հետազոտությունների, ուսումնասիրությունների, դիտանցումների, ստուգումների և վարույթների իրականացմանն առնչվող հարցերով փորձի փոխանակում, ինչպես նաև պրակտիկ օժանդակություն, տեղեկատվության փոխանակում եւ այլն: