ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԲԱՐՁՐ ՉԷ
Հայկական ծագման դեղորայքի վարկանիշը բարձր չէ: Այս մասին են խոսում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի կողմից այս տարվա սկզբին իրականացված հայրենական դեղագործական արտադրանքի ընկալման վերաբերյալ հետազոտության արդյունքները: Հայկական դեղագործական արտադրանքը ներկայումս զբաղեցնում է տեղական շուկայի միայն 10 տոկոսը: Հարցվողների մեծամասնությունը համոզմունք է հայտնել, որ ներմուծվող դեղորայքն ավելի բարձրորակ է: Նման կարծիքը, ըստ հետազոտությունն իրականացնողների, մասամբ պայմանավորված է նաեւ արտադրողների կողմից իրականացվող ոչ այնքան արդյունավետ մարկետինգային գործունեությամբ:
Մասնագետները գտնում են, որ հայկական դեղարտադրողներն ավելի ակտիվ մարկետինգային գործունեություն պետք է ծավալեն` փոխելու հայկական ծագման դեղորայքի վերաբերյալ մարդկանց ընկալումը: Այդ նպատակով այսօր Երեւանում մեկնարկել է դեղագործական մարկետինգի վեցօրյա դասընթաց` հայաստանյան դեղարտադրող ընկերությունների համար: