ՏՄՊՊՀ-Ն ՓՄՁ-ՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻՑ
ՓՄՁ-ներն առավել պաշտպանված կլինեն մենաշնորհների չարաշահումներից
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ԵՊՀ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի, «Brave» իրավաբանական ընկերության միջեւ այսօր ստորագրվեց հուշագիր` «Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր եւ միջին բիզնեսի տնտեսական մրցակցության բնագավառում իրավական պաշտպանություն» ծրագրի իրականացման մասին:
Հուշագրի համաձայն, որ մենաշնորհների չարաշահումների կամ ՀՀ տնտեսական մրցակցության օրենսդրության այլ խախտումների արդյունքում տուժած փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին կապահովվի անվճար իրավաբանական խորհրդատվություն, կիրականացվի նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը ՀՀ դատական եւ այլ մարմիններում:
Հուշագրի նպատակն է ապահովել փոքր եւ միջին բիզնեսի տնտեսական մրցակցության պաշտպանության համար առավել բարենպաստ միջավայր, եվրոպական լավագույն փորձի հիման վրա բարձրացնել Հայաստանի դատարանների կողմից փոքր եւ միջին բիզնեսի իրավունքերի եւ օրինական շահերի պաշտպանության ոլորտում տրամադրվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը:
Հուշագրի իրականացման նպատակով Հանձնաժողովը իր իրավասությունների սահմաններում Հուշագրի կողմերի հետ համատեղ մշակում եւ իրականացնում է փոքր եւ միջին բիզնեսի` տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պետական քաղաքականություն, համակարգում է սույն Հուշագրի մասնակիցների կողմից իրականացվող համատեղ գործողությունները եւ ապահովում դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդությանն ու այս ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը:
ԵՊՀ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնը իր կանոնադրության շրջանակներում սույն Հուշագրի կողմերին ապահովում է անհրաժեշտ խորհրդատվությամբ եւ հետազոտական, տեղեկատվական եւ գիտական նյութերով, որոնք հիմնված են Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրպական ընկերակցությունների դատարանի կողմից ընդունված որոշումների եւ վճիռների, նրանց կողմից իրականացվող հակամենաշնորհային (տնտեսական մրցակցության պաշտպանության) քաղաքականության հետազոտման վրա: Կենտրոնը նաեւ Հուշագրի կողմերի առաջարկությամբ իրականացնում է կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ծրագրեր` Եվրամիության օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի հիման վրա:
«Brave» իրավաբանական ընկերությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման արդյունքում տուժած փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ապահովում է անվճար իրավաբանական խորհրդատվությամբ, իրականացնում նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը Հայաստանի դատական եւ այլ մարմիններում:
Հուշագրով նախատեսված է, որ դրան կարող են միանալ տնտեսական մրցակցային իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված տեղական եւ միջազգային կազմակերպությունները:
Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի խոսքերով, «մենք ամեն օր հանդիպում ենք տնտեսական մրցակցության կանոնների խախտումների, եւ ՓՄՁ-ները չունենալով իրավական գիտելիքներ, դուրս են մնում օրենսդրական դաշտում իրենց իրավունքները վերականգնելու հնարավորությունից: Մրցակցության պաշտպանության դաշտում խնդիր առաջացավ ավելի ծավալուն աշխատանքներ իրականացնել ՓՄՁ շահերը պաշտպանելու համար, եւ այսպիսի նախաձեռնությամբ հանդես եկանք: Այսուհետեւ, այս հուշագրի ստորագրումից հետո փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներն իրենց իրավունքների պաշտպանության հարցում կարող են դիմել մեզ` հուշագրի կողմերից որեւէ մեկին, եւ հարկ եղած դեպքում դատական գործընթացներ կիրականացվեն»:
ԵՊՀ Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը նշեց. «որոշեցինք միավորել մեր ուժերը այս խնդրի շուրջ մի շարք վերլուծությունների եւ քննարկումների արդյունքում: Մենք կօգնենք Հանձնաժողովին, մեր ջանքերը կհամախմբենք փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների իրավունքների պաշտպանության հարցում»:
Ըստ «Brave» իրավաբանական ընկերության գործընկեր-տնօրեն Կարեն Գեւորգյանի, «այս ձեւաչափով այս համագործակցությունն առաջինն է Հայաստանում եւ տնտեսական մրցակցության ոլորտում առավել արդյունավետ աշխատանքներ կլինեն»: