ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՇՈՒԿԱՆԵՐԸ
Այս տարվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որոշակիորեն ավելացել է Հայաստանից գինու արտահանման ցուցանիշը: Կոնյակի արտահանումը նվազել է, օղունը` մնացել անփոփոխ: Այսօր հրավիրված ասուլիսին այս մասին նշեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը` զերծ մնալով կոնկրետ թվեր ներկայացնելուց:
Նրա խոսքով` չնայած արտահանման ծավալների որոշակի ավելացմանը` հայ գինեգործները ՀՀ կառավարության աջակցության կարիքն ունեն` վերականգնելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով կորցրած շուկաները: Արտահանվող հայկական գինու 90 տոկոսն ուղղվում է ռուսական շուկա, որտեղից վճարումների խնդիրները սկսվել են դեռ նախորդ տարվանից, երբ առաջ են եկել նաեւ մի շարք այլ հարցեր: Հայկական գինին Ռուսաստանում գնային առումով առանձնապես մրցունակ չէր, քանի որ արտանահման բարձր ծախսերն ազդում էին գների վրա: Հիմա նույն գնային գործոնին ավելացել են նաեւ Հայաստանում գինու արտադրության պարագայում առաջ եկած խնդիրները, արդյունքում, մասնավորապես, ռուսական շուկայում, հայկական գինիներն ավելի անմրցունակ են դարձել եւ զիջում են հատկապես վրացական, ադրբեջանական, ուկրաինական եւ հենց ռուսական գինիներին:
Ա. Հարությունյանի համոզմամբ` եթե ճգնաժամի ազդեցությունն այլ ոլորտներում ավելի հեշտ է վերացնելը, ապա այս պարագայում շատ ավելի դժվար է, քանի որ գինու կորցրած շուկաները հետ բերելու համար մի քանի տարի կպահաջվի, իսկ «ռուսական շուկան կորցրել ենք արդեն մոտ 70 տոկոսով»: Ճիշտ է, ըստ նրա, վերջին 1-2 ամիսներին արդեն նկատվում են դրական տեղաշարժեր հայկական գինիների սպառման պարագայում, սակայն առաջիկա 2-3 տարում հնարավոր կլինի հասնել սպառման նախկին ծավալների ընդամենը մոտ 50 տոկոսին: Գովազդն էլ, ըստ նրա, այս պարագայում արդյունավետ միջոց չէ` ներկայացնելու հայկական արտադրության գինիները, մասնավորապես, այն պատճառով, որ Ռուսաստանում խստացվում են գովազդի պայմանները: «Ռուսական շուկայում ընկալում են հայկական կոնյակ, վրացական գինի: Մեր կոնյակի շուկայում նման խնդիրներ չկան: Սակայն մենք ունենք նաեւ շատ լավ գինիներ, որոնք կարող են ներկայանալի լինել»,-ասաց նա` ընդգծելով, որ այս պարագայում անհրաժեշտ է պետական միջամտություն, օրինակ` խաղող մթերելու համար արտոնյալ վարկեր տրամադրելու առումով: Դա կնպաստի նաեւ գյուղացիների եկամուտների ավելացմանը, քանի որ կավելանան խաղողի մթերման ծավալները: Այնինչ այս տարի, նախորդ տարվա համեմատ, 25-30 դրամով նվազել է խաղողի 1 կգ-ի մթերման գինը` նախկին 130-135 դրամի դիմաց: Սակայն մթերման ծավալները գրեթե նույնքան են, որքան նախորդ տարի. արդեն մթերվել է մոտ 120 հազար տոննա խաղող, մոտ 10 հազար տոննա էլ դեռ կմթերվի:
Գինեգործների միությունը կառավարությանը ներկայացրել է գինեգործության զարգացման մասին ծրագիր, սակայն դեռ արձագանք չի ստացվել: Ա. Հարությունյանը նաեւ այս պարագայում օրենսդրական որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում:
Ներկայացնելով սեփական դիտարկումները հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում գինեգործության ոլորտում հնարավոր զարգացումների վերաբերյալ, Ա. Հարությունյանը նշեց, որ եթե այդ ոլորտում համագործակցությունն ընթանա այնպես, ինչպես 2 իրավական պետությունների միջեւ, ապա զարգացումներ հնարավոր են: Թուրքիան ունի հսկա ներուժ այդ ոլորտում, եւ ցանկության դեպքում այն կարող է նաեւ դուրս մղել հայկական գինեգործական աարտադրանքն իր շուկաներից: Իսկ հայկական շուկան պաշտպանված է թուրքական արտադրության գինիների մեծածավալ ներկրումից, ինչը կարող էր տեղական արտադրողների համար խնդիրներ ստեղծել. օրենքը թույլ չի տալիս այլ երկրի ծագման խաղող կամ գինեհումք ներկրել Հայաստան: