ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ` «ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ» ԱՆՎՃԱՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆ
Հայ գործարարներն այսուհետ հնարավորություն կունենան ձեռք բերել մանրամասն տեղեկություններ արտահանման համար նախատեսված որոշակի ապրանքների, ինչպես նաեւ ներկրման անհրաժեշտ պահանջների վերաբերյալ: Ստեղծվել է «Արտահանման տեղեկատու» ինտերնետային անվճար շտեմարանը, որի նպատակն է բարձրացնել փոքր եւ միջին ձեռնարկատերերի` «Արտահանման տեղեկատու»-ից օգտվելու գիտելիքները եւ հմտությունները: Ինտերնետային շտեմարանը ստեղծվել է նշված կենտրոնի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Եվրամիության (ԵՄ) խորհրդատվական խմբի կողմից:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը նշեց, որ Հայաստանի գործարարները վատ են պատկերացնում գոյություն ունեցող հնարավորությունները առեւտրային ռեժիմների եւ պայմանների հետ կապված, նույնիսկ պարզվում է, որ մեծ արտահանում իրականացնող կազմակերպությունները տեղյակ չեն առանձին երկրների հետ գոյություն ունեցող ազատ առեւտրային ռեժիմներից: «Այսօր եվրոպական շուկաներ ապրանքների արտահանումը շատ մեծ կարեւորություն ունի: ԵՄ-ն մեծ շուկա է, եւ մենք սկսել ենք բանակցություններ «Ազատ առեւտրի համաձայնագրի» կնքման ուղղությամբ: Բայց մինչ այդ ունեինք արտոնյալ առեւտրային ռեժիմներ, որոնց շնորհիվ 6 հազար 800 տեսակի ապրանքների կոնկրետ ցանկ ԵՄ են արտահանվում`մաքսատուրքերից ազատված»,- ասաց փոխնախարարը: Նրա համոզմամբ, այս տեղեկատուն տնտեսության մեջ եւս մեկ քայլ է դեպի առաջ, եւ եթե հայ գործարարների գոնե 10 տոկոսը կարողանա օգտվել այդ մեծ ինֆորմացիոն բազայից եւ կիրառել պրակտիկայում, ապա կշահեն բոլորը` այդ թվում պետությունը: