ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այդ պաշտոնում իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց` ընդունելով Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին:
Ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին, Հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանը նշեց. «Հայաստանում մրցակցային իրավիճակը և Հանձնաժողովի իրավասությունները կարիք ունեն բարեփոխումների: Եվ ես կարծում եմ, այդ գործում մենք երկար ճանապարհ ունենք անցնելու»: Ի պատասխան` ՀԲ գրասենյակի ղեկավար Ա. Վարուդակիսը նշեց. «այսօր կարող ենք դնել մեր համագործակցության հաջորդ փուլի առաջին կետը»:
Ա. Վարուդակիսի խոսքերով. «ՀԲ-ն Հայաստանի հետ աշխատելու ծրագիր ունի, որտեղ գործողությունների ծրագրում առաջնային նշանակություն է տրվում մրցակցային իրավիճակի բարելավմանը: Նպատակ կա խթանել ներդրումային նոր ծրագրեր, ինչը բիզնեսի զարգացման, մրցակցությունը խթանելու համար շատ կարևոր է, հատկապես` Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման համատեքստում»:
Հանձնաժողովի նախագահի ձևակերպմամբ` Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ մրցակցային իրավիճակի բարելավման ճանապարհին նպատակ ունենք մի քանի կարևորագույն խնդիրներ լուծել. «ուժեղացնել Հանձնաժողովի իրավասությունները, կարողությունները, հստակեցնել դրանք առավելագույնս կիրառելու մեխանիզմները, բարձրացնել Հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական որակը, հստակեցնել դատարաններում մրցակցության հարցերի քննման գործընթացները»:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է հուշագրի ստորագրում: