ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԿԵՐԸ
Այս տարվա ինն ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մտավոր սեփականության ոլորտում բացահայտվել է հանցագործության 24 դեպք, որոնցից 2-ը` հեղինակային եւ հարակից իրավունքների խախտման, 5-ը` կեղծ խմիչքներ պատրաստելու, 4-ը` պոռնկագրական նյութեր տարածելու, 2-ը` ակցիզային դրոշմանիշեր կեղծելու: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, մեկական դեպք է հայտնաբերվել ապրանքային նշանն օգտագործելու, յուրացնելու եւ չդրոշմավորված ապրանք իրացնելու փաստով: Մտավոր սեփականության իրավունքի ոտնահարման 15 դեպք խարդախություններ են: Պայմանավորված տեսա-ձայնասկավառակների շուկայական պահանջարկով` հեղինակային իրավունքի խախտումները հատկապես պարբերական բնույթ են կրում այս ոլորտում, ինչն ընդհանրապես «արդիական» է ամբողջ աշխարհում: ՀՀ ոստիկանությունից հավաստիացնում են, որ ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերն ընդունված են, եւ ՀՀ օրենսդրությունն ընդհանուր առմամբ կարգավորում է մտավոր սեփականության դաշտի հետ կապված հասարակական հարաբերությունները: