ՎԱՆԻ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԱԱՊ
ՀՀ ԱԱՊ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԱՊ է այցելել Թուրքիայի Վանի առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը՝ պալատի խորհրդի անդամ Այհան Ֆիդանի գլխավորությամբ։
Ներկայացնելով ՀՀ ԱԱՊ–ի կառուցվածքը, խնդիրները ու մասնավորապես արտաքին կապերի զարգացման հայեցակարգը՝ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը արժեվորել է այս այցը և միաժամանակ նշել, որ դեռևս մեկ տարի առաջ է ՀՀ ԱԱՊ–ն նամակով դիմել Թուրքիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ պարոն Հիսարջիկoղլուն կապեր հաստատելու առաջարկով։ Պատասխան չստանալով՝ ՀՀ ԱԱՊ–ն փորձել է Ստամբուլի առևտրաարդյունաբերական պալատի հետ կապեր ստեղծել։ Այդ առումով այս հանդիպումը ելակետային–մեկնարկային նշանակություն ունի։
Պարոն Այհան Ֆիդանը նշել է, որ իրենց գործարարները կամենում են Հայաստանի հետ ակտիվ տնտեսական կապեր ունենալ, որ իրենց երկիրը միջպետական հարաբերությունների հաստատման քայլեր է կատարում, և իրենք դրա ետևում են։ Այհան Ֆիդանը նաև ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Մարգարայի սահմանային անցակետը բացվի, որ սկսենք սեկտորային հանդիպումներ կազմակերպել, որ, որպես տարանցիկ երկրի, Հայաստանով Ռուսաստանի հետ առևտրի մեծ ծավալներ վերականգնենք»։ Այնուհետ նա ավելացել է, որ առաջին 4-5 ամսում կարելի է նախապատվությունը տալ տուրիզմին։ Պարոն Ֆիդանը տեղեկացրել է, որ Թուրքիայի 11 առևտրաարդյունաբերական պալատներից մեկը Վանի նահանգինն է, որի տարածաշրջանում բնակվում է գրեթե մեկուկես միլիոն մարդ։ Վանի պալատը ունի 12000 արտոնագրված, իսկ 5600 մշտական գործող անդամ։
Խոսելով տնտեսական կապերի հաստատման դժվարությունների մասին՝ ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը այն պատկերավոր այսպես է բնութագրել. «Բիզնեսը հոսող ջրի պես է և ճանապարհին մաքրում է բոլոր արգելքները»։ Պարոն Վարդանյանը որպես հաջորդ քայլ առաջարկեց պայմանագրի ստորագրումը, ինչը հաջորդ քայլերի ճանապարհը կբացի։ Թուրք գործարարը հավանություն տվեց առաջարկին և նշեց, որ պալատների քարտուղարությունների փոխադարձ բանակցություններից հետո իրենք սիրով կընդունեն հրավերը և անպայման կգան։
Հանդիպումը, անշուշտ, ելակետային էր, փոխադարձ ճանաչողական, որի ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։