ՔԱՅԼԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՐՊԵՍ ԳՐԱՎԻՉ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՎԱՅՐ
Աշխարհի բազմաթիվ երկրներում Հայաստանը գովազդելու ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում, որոնք արդեն արդյունք տալիս են` տեղեկացնելով մեր երկրի պատմշակութային հարուստ ժառանգության, ավանդույթների մասին: Հայաստանը գովազդելու ուղղությամբ իրականացվող գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, նկարահանվել է Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որն արդեն ցուցադրվում է մի շարք երկրներում: Լեհական հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբը Հայաստանի հրավերով վերջերս է եղել հանրապետությունում եւ նկարահանել ֆիլմ երկրի պատմամշակութային ժառանգության, ավանդույթների, խոհանոցի մասին: Հայաստանի մասին պատմող գովազդային հոլովակներ են ցուցադրվում CNN եւ Եվրանյուզ հեռուստաալիքներով: Նախարարության աջակցությամբ տարվա ընթացքում կազմակերպվում են լրագրողների եւ տուրօպերատորների ճանաչողական այցեր: Զբոսաշրջիկներին գրավելու համար Հայաստանում կազմակերպվում են նաեւ փառատոներ: Հայաստանը նաեւ ակտիվ կերպով մասնակցում է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ցուցահանդեսների, որոնք նույնպես բավական արդյունավետ են:
Մ. Ապրեսյանի խոսքով, սակայն, դեռ կան Հայաստանի բազմաթիվ չբացահայտված առանձնահատկություններ, որոնք անհրաժեշտ են վերհանել: Ըստ նրա`բոլոր հնարավոր ռեսուրսները կան Հայաստանը տուրիստական կենտրոն դարձնելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Հայաստանում կանցկացվի «Ձմեռային փառատոն»: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, նախորդ տարվա համեմատ այս անգամ նախատեսվում է ընդլայնել միջոցառումների եւ փառատոնի շրջանակները` ներգրավելով նաեւ Հայաստանի մարզերը:
Ըստ Մ. Ապրեսյանի` Հայաստանում ձմեռային տուրիզմը նախորդ տարիների համեմատ բավական զարգացել է: «Այդ ոլորտում ունենք բավականին ձեւավորված ենթակառուցվածքներ, ինչով, իհարկե, չենք բավարարվում, այդ ուղղությամբ դեռ զգալի անելիքներ կան: Ծաղկաձորն ու Ջերմուկը համարվում են զբոսաշրջության կենտրոններ: Դրանցից բացի Հայաստանի հյուսիսում` Գյումրիում, զարգանում է դահուկային զբոսաշրջությունը»,-ասաց Մ. Ապրեսյանը: Ջերմուկում արդեն պատրաստ է երկրորդ սահուղին զբոսաշրջիկներին ընդունելու համար: Նրա խոսքով, ձմեռային տուրիզմը զարգացնելու համար անհրաժեշտ պայմաններ կան, սակայն նախորդ տարի բավարար ձյուն չի տեղացել, այդ պատճառով զբոսաշրջիկների քիչ այցելություններ եղան:
Այն հարցին, թե երբ Ծաղկաձորում եւ Ջերմուկում մատուցվող ծառայությունների գները հասանելի կլինեն Հայաստանի բնակիչների համար, Մ. Ապրեսյանը, նշեց, որ պետությունն անմիջականորեն գնային քաղաքականությանը չի միջամտում, գները որոշում են միջոցառումներ կազմակերպողները, հյուրանոցների տերերը: «Եթե որոշ հյուրանոցներում թանկ են գները, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում չունենք մատչելի գներով զբոսաշրջային փաթեթներ: Այստեղ տեղեկացվածության պակաս կա»,-նշեց Մ. Ապրեսյանը: Նա նկատեց, որ առկա է նաեւ զբոսաշրջային օպերատորի եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտի համագործակցության խնդիր: Եթե այդ համագործակցությունը լինի առավել ակտիվ, ապա մատչելի գներով հյուրանոցները դատարկ չեն լինի: Այդ ուղղությամբ բացը լրացնելու համար նախարարության աջակցությամբ որոշ քայլեր իրականացվում են, կազմակերպվում են հանդիպումներ հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների եւ տուր օպերատորների միջեւ: