ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԵՎ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՀԵՏԲԱՑԹՈՂՈՒՄԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ Հայաստանում Եվրամիության Խորհրդատվական խումբը պետեկամուտների կոմիտեի և Քաղաքական ու իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հետ համատեղ նոյեմբերի 2-11-ը ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկշաբաթյա ուսումնական դասընթացներ է անցկացրել հետբացթողումային հսկողության համար պատասխանատու մաքսային ծառայողների համար: Դասընթացն առաջինն էր հետբացթողումային ստուգման կատարելագործմանն ուղղված ուսումնական վերապատրաստումների շարքից: Առաջիկա 18 ամսվա ընթացքում մաքսային ծառայողները կանցնեն նման մի քանի դասընթաց ևս:
Եվրոպական լավագույն փորձի վրա հիմնված վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացել են հետբացթողումային հսկողության ժամանակ կիրառվող հիմնական մեթոդաբանությանը, այդ թվում` տնտեսվարողի ընտրությանը, այցելությունների կամ ստուգման պլանավորմանը: Մաքսավորներին պարզաբանվել են, թե մաքսային ռիսկերի կառավարման գործառույթները ինչպես կարող են կիրառվել հետբացթողումային ստուգման աշխատանքներում:
Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության Գործառնությունների բաժնի ղեկավար Ուֆֆե Յենսենը, նշելով, որ այս դասընթացը նախատեսված ուսումնական ծրագրի դեռ առաջին մասն է, համոզմունք է հայտնել, որ մեկ տարուց հետո, երբ կավարտվի ուսումնական վերապատրաստումների ամբողջ շարքը, հետբացթողումային հսկողության համար պատասխանատու հայ մաքսավորներն իրենց փորձն ու գիտելիքները կկարողանան լիարժեք կիրառել գործնականում. «Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի մաքսային համակարգին` այս ծրագրի կայացմանը նպաստելու համար: Եվրամիությունը միշտ պատրաստ է աջակցել ձեզ` բարեփոխումների իրականացման գործում: Ավելին, մենք պատրաստվում ենք ընդլայնել մեր կողմից Հայաստանին տրամադրվող գումարային աջակցության ծավալները` 2010 թվականից կրկնապատկելով դրանք»,-տեղեկացրել է Ուֆֆե Յենսենը:
ՊԵԿ հետբացթողումային հսկողության Ստուգումների պլանավորման և ռազմավարական բաժնի պետ Տիգրան Սարգսյանը նման դասընթացների անցկացումն ու եվրոպական առաջավոր փորձի ուսումնասիրումը հատկապես կարևորում է` հաշվի առնելով, որ հետբացթողումային հսկողության ինստիտուտը Հայաստանում նոր է ձևավորվում. «Հուսով եմ, որ վերապատրաստման արդյունքում հետբացթողումային հսկողությունն ավելի շատ կուղղվի դեպի տնտեսվարողը, կփորձի աջակցել ու օգնել նրան»:
ԵՄ Խորհրդատվական խմբի անդամները դասընթացի բոլոր 12 մասնակիցներին հանձնել են ավարտական վկայականներ: