ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Դեղագործական եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել ընկերության գործունեությանն ու աշխատանքների ընթացքին։
Այնուհետեւ փակ խորհրդակցության արդյունքում քննարկվել են գործակալության դեղերի ոլորտում առկա հիմնախնդիրները։ ՀՀ վարչապետին ներկայացվել են վերջիներիս լուծման հնարավոր ուղիները եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Խորհրդակցությանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը, կարեւորել է կենտրոնի դերը, համարելով այն տարածաշրջանում բացառիկ, իսկ ամենակարեւոր արժեք է համարել կենտրոնի բարձրորակ մասնագետներին, որոնք համապատասխանում են միջազգային ժամանակակից չափանիշներին։
Վարչապետը խոսել է նաեւ խնդիրներից. «Անհրաժեշտություն կա, մի կողմից` ժամանակակից սարքավորումներով հագեցնել կառույցը, մասնագետներին վերապատրաստում անցնելու հնարավորություն տալ։ Բնականաբար, աշխատավարձերը պետք է մրցունակ լինեն շուկայում նմանատիպ մասնագիտություններ ունեցող կառույցների համեմատությամբ։ Ինչպես նաեւ դուք տեսնում եք, որ շենքային պայմանները չեն բավարարում ժամանակակից պահանջներին, եւ այս հիմնական խնդիրներն են, որոնք պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում»։
Վերջին շրջանում դեղերի գների բարձրացումների հետ կապված լրագրողի հարցին ի պատասխան, վարչապետը հիշեցրել է, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը քննության է վերցրել այս խնդիրը եւ հետազոտության արդյունքները ներկայացնելու է հանրությանը եւ կառավարությանը։ «Այսօր մենք նույնպես քննարկեցինք այդ խնդիրը, որովհետեւ դեղերի շուկայում ստեղծված իրավիճակը մեզ խիստ մտահոգում է։ Մասնավորապես ներկրողների քանակը, որոնք գերիշխող դիրք ունեն այսօր դեղերի շուկայում, ավելանում է, ներմուծված ինվոյսային գները եւ վաճառքի գների տարբերությունը երբեմն լինում է 2-3 անգամ ավելի բարձր, այսինքն` շահութաբերությունը բավականին բարձր է նաեւ այդ ոլորտում եւ, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի», եզրակացրել է կառավարության ղեկավարը։