ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Հայաստանի տնտեսության, հատկապես արտադրության մեջ կտրուկ փոփոխություններ են պետք, հակառակ դեպքում երկիրը շատ դժվարությամբ դուրս կգա ճգնաժամից: «Տնտեսությունում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ: Այսօր գրանցված տնտեսական ցուցանիշները մեզ անհանգստացնում են: Անկումներ են նկատվում տնտեսության տարբեր ճյուղերում, որն էլ հանգեցնում է լարվածության: Տեղական արտադրողների կարծիքով, պետք է տնտեսական ընդհանուր քաղաքականությունը փոխվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Անհանգստացնող հարց է նաեւ արտահանման ծավալների կրճատումը, տարեվերջին այդ ընդհանուր ծավալը կկազմի 600-620 մլն ԱՄՆ դոլար, որը զգալիորեն պակաս կլինի նախորդ տարվանից: Անցած տարի արտահանվել է 1 մլրդ 69 մլն դոլարի ապրանք: Կրճատվել են ոսկերչության, քիմիական, մեքենաշինական արտադրության ապրանքները: Այն երկրներում, որտեղ արտադրողները կարող էին իրացնել ապրանքները, դրանց պահանջարկը նվազել է: «Բացի նրանից, որ կառավարությունը պետք է խթանի հայրենական արտադրությունը, պետք է նաեւ ընդունել օրենք արդյունաբերության զարգացման մասին: Մեկ ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարությունը ներակայացրել է արդյունաբերության զարգացման հայեցակարգ: Դա քննարկում ենք` համեմատելով մեր կողմից մշակված հայեցակարգի հետ: Փորձելու ենք երկուսը խմբավորելով առանձնացնել առաջնահերթ ուղղությունները»,-նշեց Վ. Սաֆարյանը: Ներկայացված հայեցակարգի որոշ դրույթների վերաբերյալ անհամաձայնության դեպքում կկազմակերպվեն քննարկումներ կառավարարությունում: Վ. Սաֆարյանն անհրաժեշտ է համարում նաեւ արդյունաբերության զարգացման նախարարության ստեղծումը:
Հայրենական արտադրողներին անհանգստացնում են նաեւ բանկերի կողմից առաջադրված վարկերի բարձր տոկոսները: Վ. Սաֆարյանի համար անհասկանալի է այն, որ որոշ բանկեր խոշոր հարկատուներ են դարձել: «Դա խոսում է այն մասին, որ այդ բանկերի կողմից տրված վարկերի տոկսոադրույքները բավականին բարձր են, իսկ եթե այդպես է, ուրեմն տնտեսությունը չի կարող զարգանալ»,-ասաց Վ. Սաֆարյանը: