ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ այսօր` նոյեմբերի 26-ին, նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Տաբատաձեին:
Ողջունելով հյուրին` Էկոնոմիկայի նախարարը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: Ըստ նախարար Երիցյանի` այսօր Հայաստանի և Վրաստանի միջև կան հարցեր, որոնց լուծումը բխում է երկու երկրների շահերից:
Հանդիպման ընթացքում ծավալված զրույցի ժամանակ Ն. Երիցյանը հիմնականում անդրադարձել է «Հարավ-հյուսիս» ավտոմայրուղու կառուցման նախագծին և Հայաստան-Վրաստան սահմանամերձ մաքսակետերի հետ կապված հարցերին:
Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Էկոնոմիկայի նախարարին ընդունելության համար և տեղեկացրել, որ հանդիսանալով հարևան երկրներ` Հայաստանն ու Վրաստանը, բնականաբար, ավելի հագեցած օրակարգ պետք է ունենան: Նա պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ հնարավորինս աջակցել երկու երկրների հետաքրքրության կենտրոնում գտնվող խնդիրների լուծմանը:
Պարոն Տաբատաձեն նաև տեղեկացրել է Ն. Երիցյանին, որ դեկտեմբերի 2-ին Մարիոթ հյուրանոցում նախատեսվում է Հայաստանում գործող շահագրգիռ կազմակերպությունների համար կազմակերպել շնորհանդես ` նվիրված Վրաստանի Փոթի նավահանգստի շրջակայքում ստեղծված ազատ տնտեսական գոտուն: