ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
ԿԲ կողմից «ինտենսիվ արտարժութային ինտերվենցիաներ» չեն իրականացվել. ԿԲ-ի պարզաբանումը «Հայկական Ժամանակ» օրաթերթին.
«Հայկական Ժամանակ» օրաթերթի դեկտեմբերի 5-ի թիվ 229 համարի 5-րդ էջում, «19 մլն դոլարով» վերտառությամբ լուրում նշված է, թե վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ զուտ միջազգային պահուստները 560 մլրդ 973 մլն դրամից նվազել են 553 մլրդ 698 մլն դրամի, ինչը ԿԲ կողմից «ինտենսիվ արտարժութային ինտերվենցիաների» հետևանք է:
Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ 7 մլրդ 275 մլն դրամով նվազումը պայմանավորված է պահուստների վրա ազդող մի շարք գործոններով, ինչպիսիք են ՀՀ ԿԲ-ում առևտրային բանկերի արտարժութային թղթակցային հաշիվների շարժերը, ՀՀ արտաքին պարտքի սպասարկման տոկոսագումարի վճարումը, կառավարության սպասարկումը և այլն:
Ինչ վերաբերում է շաբաթվա ընթացքում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացած գործարքներին, հայտնում ենք, որ 16,100,000 ԱՄՆ դոլարի ընդհանուր ծավալով առքի և վաճառքի գործարքներում ԿԲ-ը մասը կազմել է 3 մլն 350 հազ ԱՄՆ դոլարի վաճառքը:
Նման թյուրըմբռնումը կանխելու համար ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ԿԲ-ը մշտապես հրապարակում է նախորդ շաբաթվա իր գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունն ամեն երկուշաբթի օր:
Առաջարկում ենք ուշադիր լինել ԿԲ հրապարակումներին և նման թվային տեղեկատվությանն անդրադառնալ պաշտոնական հրապարակումից հետո: