ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԸ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԱՄՐԱՊՆԴԵԼ
Քայլեր են ձեռնարկվում Հայաստանի եւ Սանկտ Պետերբուրգի միջեւ գործարար կապերն ամրապնդելու ուղղությամբ: Այս նպատակով ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգից Հայաստան է ժամանել գործարար պատվիրակություն, որի անդամները կհանդիպեն հայ գործարարներին, կծանոթանան ՀՀ տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հնարավորություններին եւ գրավչություններին, կբացահայտեն համագործակցության նոր ուղիներ:
Հայաստանի գործարարների եւ գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանը Սանկտ Պետերբուրգից ժամանած գործարաների հետ հանդիպմանն այսօր նշեց, որ սա հերթական ավանդական հավաքն է, որի հիմնական նպատակն է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում աշխուժացնել ապրանքաշրջանառությունը:
Մի քանի տարի առաջ կազմակերպվել է ցուցահանդես, որին ներկայացվել են 2 կողմերի արտադրության ապրանքներ, այսօր, սակայն, նոր կապեր գտնելու եւ համագործակցության նոր ուղիներ փնտրելու ժամանակն է: ՀՀ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով` գործարարների նման հավաքը ճիշտ եւ ճիշտ ժամանակին է կազմակերպված: «Շատ ուրախալի է, որ տարեվերջին է արվում, քանի որ այսօր պահն է հաջորդ տարվա պլանները մշակելու եւ ներդրումներ անելու համար»,-ասաց նա: