
2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 11.77 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՅՏ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ« ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «ՀՀ ոռոգման եւ դրենաժի ազգային քաղաքականության» հայեցակարգի հաստատմանը։ Նախորդ նիստում հանձնարարվել էր համապատասխան գերատեսչությունների եւ կազմակերպությունների հետ եւս մեկ անգամ քննարկել փաստթուղթը։ Այդ քննարկման արդյունքների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը եւ նշել, թե ինչ փոփոխություններ են կատարվել հայեցակարգում։ Կառավարման խորհուրդը հաստատել է ներկայացված հայեցակարգը եւ առաջարկել առաջիկա ամիսների ընթացքում արդյունավետ աշխատանքներ տանել վերջնական փաստաթղթի եւ համապատասխան օրենսդրական ակտերի մշակման եւ ընդունման ուղղությամբ։ Խորհուրդը հաստատել է նաեւ ՀՄՀ-Հայաստանի 14-րդ հատկացման հայտը, համաձայն որի 2010 թ. առաջին եռամսյակում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային է ներկայացվել 11.771.871 ԱՄՆ դոլարի հայտ։ Նշված հայտի շրջանակներում նախատեսվում է առկա պայմանագրերի ներքո շարունակել շինարարական աշխատանքները, այն է` 17 պոմպակայանների վերականգնում, 5 ինքնահոս եւ 6 մայր ջրանցքների վերանորոգում, ինչպես նաեւ սկսել աշխատանքները Արարատի, Արմավիրի եւ Վայոց Ձորի որոշ համայնքներում ներքին ոռոգման ցանցի եւ Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման ուղղությամբ։
Հատկացման հայտի ամբողջական փաթեթը ներառում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը« հատկացման նախապայմանների հաշվետվությունը« աշխատանքային պլանը« ամփոփ եռամսյակային հաշվետվությունը եւ ցուցանիշների վերահսկման աղյուսակը« ինչպես նաեւ գնումների կատարման հաշվետվությունն ու գնումների պլանը։
Կառավարման խորհուրդը հաստատել է նաեւ «Երրորդ կարգի ջրանցքների վերականգման» առաջին փաթեթի և «Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգման» առաջին փաթեթի պայմանագրերը։