
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 2 ԴԵՊՔ 23/12/09
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության` Իջևանի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, օրերս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել Տավուշի մարզում:
Այրում կայարանի հարակից տարածքում գործող հյուրանոցային համալիրում, որը պատկանում է «Դիզել ԱԳԼԱ» ընկերությանը, ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են «Սիգմա պոկեր» և «Ֆրուտ քոքտեյլ» տեսակի շահումով խաղային ավտոմատներ. դրանք տեղադրված են եղել հատուկ այդ նպատակով առանձնացված` 9քմ մակերեսով սենյակում:
Տեղեկացնենք, որ հյուրանոցային համալիրի տնօրենը Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ Ռազմիկ Հարությունյանն է: Տվյալ գործունեությամբ զբաղվելու համար վերջինիս կազմակերպությունը չի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող համապատասխան արտոնագիր և ոչ էլ գրանցված է եղել Նոյեմբերյանի հարկային տեսչությունում, ինչպես օրենքն է պահանջում:
ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն էլ հայտնաբերել են Քանաքեռում`լավաշի և մայրաքաղաքի Բեռնակիրների փողոցում` մսամթերքի վերամշակման ապօրինի արտադրամասեր:
Երկու դեպքում էլ տնտեսվարողները գործել են` առանց հարկային մարմիններում գրանցվելու:
Կատարվում է հետաքննություն: