
ԿԱՅԱՑԵԼ Է ՓՄՁ 2010Թ.-Ի ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հաշվապահական կենտրոնում տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված հարկային հաշվառման «Պարզեցված ուղեցույցի» շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը, Հաշվապահական կենտրոնի տնօրեն Հայկ Մնացականյանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, գործարարների շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների և պետական կառույցների ներկայացուցիչներ:
2010թ. համար նախատեսվել է տպագրել ուղեցույցի նորացված տարբերակը, որն արդեն ամբողջովին կհամապատասխանի 2010թ. հունվարի 1-ից գործող օրենսդրական դաշտին:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ին կայացրած` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին», թիվ 1440 որոշման համաձայն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի ապրիլի 11-ի թիվ 188-Ա որոշմամբ հաստատված փոքր ձեռնարկատիրական գործունեության ոլորտում հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործման նպատակով, ՀՀ կառավարության կողմից մշակվել, այնուհետև ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է հարկային օրենսդրության որոշակի փոփոխությունների փաթեթ, որի նպատակն է թեթևացնել տնտեսության փոքր և միջին ձեռնարկատերերի (այսուհետ` ՓՄՁ սուբյեկտներ) կողմից հաշվապահական և, մասնավորապես, հարկային հաշվառմանը տրամադրվող ֆինանսական և մարդկային ռեսուրսների ծավալները, ինչպես նաև թեթևացնել ՓՄՁ սուբյեկտների մոտ ստուգումների իրականացման բեռը:
2008թ. հոկտեմբերին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակներում մշակվել և տպագրվել է փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված հարկային հաշվառման «Պարզեցված ուղեցույց», որում մանրամասն մեկնաբանվում և պարզաբանվում են օրենսդրական դաշտում տեղ գտած և ՓՄՁ շրջանում լայն կիրառում ունեցող փոփոխությունները: Ձեռնարկի նկատմամբ մեծ պահանջարկն ու առկա կարևոր ու մատչելի տեղեկատվությունը բարձր գնահատականի արժանացան գործարարների և հատկապես հաշվապահների ու ֆինանսական բաժինների ղեկավարների կողմից:
ՀՀ մի շարք օրենքների առավել կարևոր դրույթները մեկնաբանող պարզեցված ուղեցույցում գործարարների համար մատչելի ձևով պարզաբանված են հարկային օրենսդրությունում կատարված վերջին և դրանցով պայմանավորված ընթացակարգային փոփոխությունները, տրված էին պարզաբանումները 2009թ. հունվարի 1-ի դրությամբ:
2010թ. համար նախատեսված է տպագրել ուղեցույցի նորացված տարբերակը, որն արդեն լիովին կհամապատասխանի 2010թ. հունվարի 1-ից գործող օրենսդրական դաշտին, հատկապես տեղ գտած վերջին փոփոխություններին, ուր նաև ընթերցողին կներկայացվեն հարկային հաշվառման կիրառական մոտեցումները ըստ առանձին իրավական ակտերի, ինչպես նաև բերված են օրինակներ, որոնք պարզաբանում են օրենքի դրույթների կիրառման առանձնահատկությունները: Մանրամասն ներկայացված են մի շարք հաշվետվությունների կազմման ընթացակարգերը:
Ուղեցույցը մշակվել է ՓՄՁ պետական աջակցության շրջանակներում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ «Լոգիկոն Դիվելըփմենթ» ՍՊ ընկերության կողմից և փորձաքննության է ենթարկվել Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի, Հաշվապահական կենտրոնի և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից:
Փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված հարկային հաշվառման «Պարզեցված ուղեցույցը» տպագրվել է շնորհիվ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցության:
Հարկ է նշել, որ Ուղեցույցը նախատեսված չէ վաճառքի համար և բոլոր ցանկացողները կարող են այցելել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն կամ Հայաստանի Հաշվապահական կենտրոն և ստանալ այն` ներկայացնելով կնիք (իրավաբանական անձանց համար) և/կամ անհատ ձեռներեցների պետական ռեգիստրի վկայականի պատճենը: