ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ
Այսօր Երեւանում մեկնարկել է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը, որին մանսակցել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: 2 երկրների վարչապետերը նիստից հետո հանդիպել են լրագրողներին, պատասխանել հարցերին:
Տ. Սարգսյանը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ գրանցվել է համաձայնեցում: Օրակարգը ներառել է բազմաթիվ հարցեր տնտեսական, սոցիալական, մշակութային ոլորտներից: Տրվել են համապատասխան հանձնարարականներ աշխատանքային խմբերի ներկայացուցիչներին, որ բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները ներառվեն այսօրվա արձանագրության մեջ:
Վրաստանի վարչապետը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստին քննարկվել են բազմաթիվ հարցեր գրեթե բոլոր ոլորտներից: Նա հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը նույնպես արդյունավետ կլինի: Այն անցկացվելու է Վրաստանում: «Այս այցելությունն ավելի կամրապնդի երկու երկների ունեցած ավանդական հարաբերությունները»,-ասաց Ն. Գիլաուրին: Նա նշեց, որ էներգետիկայի ոլորտում Վրաստանի եւ Հայաստանի միջեւ բավական արդյունավետ համագործակցություն կա, միջկառավարական հանձնաժողովի այս նիստում ձեռք է բերվել պայմանավորվածություն Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին:
Ըստ Տ. Սարգսյանի` էլեկտրահաղորդման գծի կառուցումը ներառված է ՀՀ կառավարության 2010թ-ի ծրագրերում, որի ֆինանսավորումը կապահովվի եւ մեծ թափով շինարարություն կիրականացվի: