ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ
Հայաստանում նախատեսվում է ունենալ ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատոր: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց, որ հանձնաժողովը նախորդ շաբաթ ընդունել է իրավական ակտ, որով հիմնական օպերատորի հետ սահմանվել են փոխկապակցման պայմանները: Առաջիկա` փետրվարի 24-ի նիստում հանձնաժողովը կսահմանի դեպի նոր ցանցեր եւ բջջային օպերատորներ փոխկապակցության պայմաններն ու սակագները:
Նշվեց, որ 2006թ-ին «ԱրմենՏել» ընկերության լիցենզիան վերախմբագրվեց, արդյունքում հանվեցին փոխադարձ համաձայնության եւ պայմանավորվածության բացառիկ իրավունքները: Վերջինիս շնորհիվ կարգավորող մարմնի կողմից բարեփոխումներ կատարվեցին իրավական եւ լիցենզավորման կարգերում, եւ այսօր կան մոտ 30 ցանցային ընկերություններ, որոնք կառուցում ու շահագործում են էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր:
«Այսինքն` բոլոր պայմանները ստեղծվում են` ֆիքսված հեռախոսակապի մասով նոր օպերատոր ունենալու համար: Սրանում կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ կստեղծվի մրցակցություն օպերատորների մատուցած ծառայությունների ոլորտում»,- ասաց նա: