ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 15 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգն այսօր ստորագրել են 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր, որն ուղղվելու է Երեւանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի վերկառուցմանն ու զարգացմանը: Տրամադրվող գումարը կուղղվի մետրոյի համակարգի վերակառուցման նպատակով իրականացվող գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը. նախատեսվում է թարմացնել մետրոյի շարժակազմը, նորոգել ռելսերի ու էլեկտրամատակարարման մաշված համակարգը, գնել տեխնիկական սպասարկում իրականացնող դրեզինա եւ փոխել պոմպակայանները:
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ վարկի մարման ժամանակացույցը նախատեսված է 15 տարվա համար, որից 3 տարին արտոնյալ ժամկետով, տարեկան EUR LIBOR+ 1 տոկոսադրույքով: Նրա խոսքով, մետրոպոլիտենը երկար ժամանակ է շահագործվում, եւ տարիների ընթացքում առաջացած խնդիրները հրատապ լուծում են պահանջում, Դրանցից նա առանձնացրեց սարքավորումների, ջրահեռացման եւ էլեկտրահամակարգերի մաշված լինելը, առանց որոնց վերականգնման առաջիկայում համակարգի շահագործումը կլինի անհնար:
ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վ.Ռազլոգը նշեց, որ Հայաստանի քաղաքային տրանսպորտի ոլորտում սա առաջին երկարաժամկետ ֆինանսավորումն է: Բացի նշված 15 մլն եվրոյից, ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամից եւս 1մլն եվրո առաջիկայում տրամադրվելու է մետրոպոլիտենի տեխնիկական աջակցության նպատակով: Ծրագրի իրականացումը կնվազեցնի մետրոպոլիտենի էլեկտրաէներգիայի ծախսը մոտավորապես 50 տոկոսով, ինչին հանսնելու համար կփոխվեն ջրի պոմպերը, էլեկտրասնուցման մալուխները:
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարեւորեց մետրոպոլիտենին ֆինանսական միջոցների հատկացումը, քանի որ այն ապահովում է երեւանցիների անվտանգ երթեւեկությունը: «Մարդկանց համար անվտանգություն ապահովելը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Ֆինանսական միջոցների ներդրման շնորհիվ առաջիկա 30 տարում մետրոպոլիտենը չի ունենա ներկայիս խնդիրները»,- ասաց Երեւանի քաղաքապետը:
Վարկային համաձայնագրով նշված աշխատանքներն ապահովելու նպատակով ստորագրվել են նաեւ «Ծրագրի աջակցության համաձայնագիր» Երեւանի քաղաքապետարանի ու «Ծրագրի համաձայնագիր» «Կ. Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության հետ: Նշված գումարի 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, կտրամադրի Եվրոպական միության հարեւանության ներդրումային ծրագիրը, 5-ական մլն կհատկացվի «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» ու «Եվրոպական ներդրումային բանկի» միջոցներից: