ԲՅՈՒՋԵ 2009-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Հարգելի պարոն Մինասյան
Հարգելի գործընկերներ,
Ինչպես նշվեց, ես կփորձեմ մի քանի գնահատականներ տալ 2009թ. դժվարին տնտեսական տարվա իրականացված միջոցառումների արդյունքների վերաբերյալ: Հետագայում իմ գործընկերները մանրակրկիտ կներկայացնեն ձեզ 2009թ. բյուջեի կատարողականի ցուցանիշները և այն գործընթացները, որոնք մենք կառավարել ենք բյուջեով:
2009 թվականը մեր տնտեսական եւ ֆինանսական համակարգերի կայունության ստուգման ժամանակահատված էր: Այս ընթացքում էր, որ ընդունվեցին ոչ ստանդարտ որոշումներ, որոնք թելադրված էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով կողմից: Անհրաժեշտություն ծագեց ճշգրտել կառավարության կողմից կիրառվող մեթոդները եւ գործիքակազմը` նոր տնտեսական իրողություններին համահունչ դարձնելու նպատակով:
Ինչպես Ձեզ հայտնի է Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը սկսեց ներգործել դեռևս 2008 թվականի հոկտեմբեր ամսից, իսկ անկումն իր գագանթնակետին հասավ 2009թ-ի հուլիս ամսին: Այստեղ տեղին է նշել, որ տնտեսական այս իրավիճակում իր բացասական դերակատարումն ունեցավ նաև մեր տնտեսության նախաճգնաժամային ՀՆԱ կառուցվածքը, որտեղ կապիտալ շինարարությանը բաժին էր ընկնում ՀՆԱ 27 տոկոսը, իսկ այդ մասնաբաժնի 61 տոկոսը, կամ ՀՆԱ 16.4 տոկոսն, իր հերթին, բաժին էր ընկնում ոչ արտադրողական համարվող բնակարանային շինարարությանը: Ընդ որում բնակարանային շինարարության 75 տոկոսն իրականացվում էր մասնավոր ներդրումների հաշվին, որոնք գալիս էին հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից: Արդյունքում երկիր ներհոսող մասնավոր տրանսֆերտների ծավալի կտրուկ կրճատման և անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրության անկման պարագայում` կապիտալ շինարարությունը նվազեց ավելի քան 40 տոկոսով` ապահովելով 2009թ-ի 14.2 տոկոս տնտեսական անկման 11 տոկոսային կետը, իսկ զուտ անուղղակի հարկերի անկումը, որը երկրորդ տեղում էր ՀՆԱ անկման նպաստման չափով` 2 տոկոսային կետ: Այսինքն այս երկու գործոնները հիմնականում պայմանավորեցին մեր 14.2 տոկոս տնտեսական անկումը:
Հիմնական դասերը, որ մենք քաղեցինք, հետեւյալն էին. առաջին` տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր աստիճանը ավելի խոցելի է դարձնում մեր տնտեսական համակարգը եւ ՀՆԱ-ի կառուցվածքից ելնելով շինարարության ոլորտը ունենալով չափազանց բարձր տեսակարար կշիռ ՀՆԱ-ում, իր լրջագույն հարվածը հասցրեց (եւ դա նշանակում է, որ դիվերսիֆիկացիայի միջոցով մենք պետք է կարողանանք ապագայում չեզոքացնենք բացասական գործոնը) եւ երկրորդ զուտ անուղղակի հարկերի տեսակարար կշռի 20 տոկոսանոց նվազումն էր 2009թ. ընթացքում, ինչը խոսում է հարկային վարչարարության բարելավման անհրաժեշտության մասին, որպեսզի մենք կարողանանք մի կողմից ապահովենք բարենպաստ բիզնես միջավայր այլ ոլորտների զարգացման համար եւ հավասար մրցակցային պայմաններ:
2008 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովին ներկայացվեց կառավարության հակաճգնաժամային ծրագրը: Ընդհանուր առմամբ այդ ծրագիրը ենթադրում էր մակրոտնտեսական և ֆինանսական հատվածի կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական աճը ապահովելու համար` լրացուցիչ խթանների բացահայտում եւ ներդրում:
Մակրոտնտեսական կայունության ապահովման համար 2009 թվականի կառավարության գրեթե բոլոր նախաձեռնությունները հետապնդել են նվազող հարկային եկամուտների պարագայում հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնելու ուղղվածություն` նպատակ հետապնդելով հակազդել արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցություններին և պահպանել տնտեսության գործարար ակտիվությունը: Նշված քաղաքականության իրականացմամբ պայմանավորված 2009 թվականի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ում կազմեց 7.4 տոկոս: Սա պատմականորեն վերջին 10 տարիների համար ամենաբարձր ցուցանիշն էր, որը նշանակում է, որ մենք որդեգրել ենք քաղաքականություն, որը ենթադրում է, որ պետությունը չպետք է կրճատի իր ծախսերը եւ արդյունքում մենք ներգրավեցինք ֆինանսական միջոցներ մեծացնելով մեր արտաքին պարտքը եւ դրա հաշվին կատարեցինք պետության կողմից ստանձնած բոլոր սոցիալական պարտավորությունները: Այս պայմաններում մեզ հաջողվեց ավելացնել կենսաթոշակները 16%, իսկ միջին աշխատավարձերը`11%: Չնայած տնտեսական անկմանը և որպես հետևանք հարկային եկամուտների կրճատմանը, մեզ հաջողվեց կատարել բոլոր սոցիալական պարտավորությունները և որոշակիորեն մեղմել ճգնաժամի հետևանքով առաջացած սոցիալական լարվածությունը: Այսպես, 2009թ. ընթացքում կենսաթոշակային ապահովությանն ուղղված միջոցները կազմեցին 177.5 մլրդ դրամ, կամ 2008թ. համեմատությամբ՝ 16 տոկոս ավելի:
Ճգնաժամային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով կառավարությանը հաջողվեց դոնորների հետ տարված աշխատանքների արդյունքում ներգրավվել վարկային միջոցները.
– Համաշխարհային Բանկի կողմից տրամադրվել է շուրջ 760 մլն ԱՄՆ դոլար, որից 2009թ-ին ստացվել է մոտ 350 մլն-ն
– Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շհորհիվ տնտեսության մեջ ներարկվեց 500 մլն ԱՄՆ դոլար.
– Ասիական զարգացման բանկից ստացվեց 80 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցություն.
– Եվրամիության հետ շարունակական բանակցությունների արդյունքում հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց 100 մլն եվրոյի բյուջետային աջակցության վերաբերյալ.
– ՌԴ-ից ներգրավվեց ևս 500 մլն ԱՄՆ դոլար հակաճգնաժամային միջոցառումները ֆինանսավորելու նպատակով:
Այսպիսով, 2009 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմանբ արտաքին պարտքի ցուցանիշը կազմում է 36%, 2008 թ. 13.2% դիմաց, որն ի դեպ, ծառայեց որպես "բարձիկ" կառավարության կողմից հակացիկլիկ քաղաքականության իրականացման համար:
Կառավարության հակաճգնամային ծրագրի տրամաբանությունն ունի 2 պարզ և հասկանալի ուղղություն.
1. Ենթակառուցվածքների նախագծերի իրականացում, որը կարճաժամկետ ժամանակահատվածում ստեղծում է նոր աշխատատեղեր և նպաստում ՀՆԱ աճին, տնտեսական ակտիվության պահպանմանը, իսկ երկարաժամկետում նպաստում է տնտեսության ընդհանուր արդյունավետության բարձրացմանը և արտադրողականության աճին` ստեղծելով կայուն հիմքեր երկարաժամեկտ տնտեսական աճի համար:
2. Բիզնես միջավայրի բարելավում, ՓՄՁ և համակարգաստեղծ ձեռնարկությունների օժանդակություն:
Եվ այսպես, 2009թ. ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները.
– 2009 թվականին հանրապետությունում ընդհանուր առմամբ վերանորոգվել են 411 կմ ճանապարհահատված` 2008 թվականի 163 կմ դիմաց: Մասնավորապես. պետական բյուջեի հաշվին վերանորոգվել է 112 կմ, իսկ 299 կմ.` ներգրավված վարկային միջոցների հաշվին:
– Խմելու ջրի ոլորտում 2009 թվականի ընթացքում իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում ապահովվել է 350 կմ-ից ավելի ջրագծերի, 100-ից ավելի կարգավորիչ ջրամբարների, 50-ից ավելի պոմպակայանների կառուցման և նորոգման աշխատանքներ: Սրան զուգահեռ իրականացվել են 5000-ից ավելի անհատական տնային միացումների աշխատանքներ, իսկ ոռոգման ոլորտում իրականացված ներդրումային ծրագրերի շնորհիվ ապահովվել է 50 կմ-ից ավելի ջրագծերի կառուցման և վերանորոգման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ խմելու և ոռոգման ջրի պայմանների բարելավման նպատակով հատկացվել է շուրջ 16 մլրդ դրամ:
– 2010 թվականի ապրիլին վերակառուցումից հետո շահագործման հանձնվեց Երևանի ՋԷԿ-ը, որը 2.5 անգամ ավելի քիչ բնական գազ է ծախսում այպիսով կրճատելով էլեկրաէներգիայի ինքնարժեքը: Այս հանգամանքը հնարավորություն տվեց գազի գների թանկացման պարագայում անփոփոխ թողել էլեկրաէներգիայի սակագները և էապես մեծացնել մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը ՀՀ-ում:
– ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ քաղաքաշինության նախարարության և մարզպետարանների պատվերով իրականացվել է 266 օբյեկտի հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ 17 մլրդ դրամի չափով, որից 14 մլրդ դրամ գումարով 227 կրթական օբյեկտներ:
– 2009 թվականին կառուցվել են Գյումրի քաղաքում 1056 բնակարանից բաղկացած 22 բազմաբնակարան շենք և Սպիտակ քաղաքում` 220 բնակելի տուն: Պետական բյուջեի միջոցներով ավարտվել են Ստեփանավան քաղաքի 3 բազմաբնակարան շենքերի կառուցումը, Մարալիկի N34 շենքի թվով 20 բնակարանների շինարարական աշխատանքները: Կառուցված բնակարանների հատկացմամբ լուծվել է Ստեփանավան և Մարալիկ քաղաքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած համապատասխանաբար 42 և 20 ընտանիքների բնակարանային խնդիրը: “Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով” ծախսային ծրագրով տրամադրված վկայականների միջոցով 63 ընտանիք լուծել է իր բնակարանի խնդիրը: Աղետի գոտու շինարարության համար ընդհանուր առմամբ հատկացվել է շուրջ 25 մլրդ դրամ:
Գործարար միջավայրի բարելավման և իրական հատվածի ուղղությամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները.
Հարկային և մաքսային ոլորտ
– Գործարար աշխարհի համար, մասնավորապես, ՓՄՁ-ի, 2009 թվականի ընթացքում էապես հեշտացվել են հարկային վարչարարության կանոնները, որոնք նախատեսում են ԱԱՀ հարկման շեմի բարձրացում մինչեւ 58.3 մլն դրամ` նախկին 3 մլն դրամի փոխարեն: Հարկ է նշել, որ այս նոր ռեժիմից ՀՀ-ում օգտվում են ավելի քան 30 հազ. տնտեսվարողներ: Փոքր եւ միջին ձեռնարկությունների հարկային հաշվետվության վարման կանոնները պարզեցվել են` մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարումը հարկային հաշվառման կանոնակարգով պարզեցնելու միջոցով:
– ԱԱՀ ամսական հաշվետվության ներկայացման պահանջի վերացում` եթե շրջանառությունը փոքր է 100 մլն դրամից` նախկին 60 մլն փոխարեն: Վերոհիշյալ միջոցառումները էապես խնայեցին գործարարների ժամանակը եւ կնվազեցնեն հարկային մարմինների հետ շփման գործարքային ծախքերը:
– "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի 61-րդ հոդվածում նշված ապրանքախմբերի ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարման հետաձգում է մինչեւ 3 տարի ժամկետով, եթե այն գերազանում է 300 մլն դրամը: ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հավանություն են ստացել 7 ներդրումային ծրագիր: Ընդհանուր առմամբ նշված ներդրումային ծրագրերով ներկայումս իրականացվում է մոտ 17.5 մլրդ դրամի ներդրում, ինչը հնարավորություն կտա տնտեսության տարբեր ոլորտներում ստեղծել մոտ 500 նոր աշխատատեղ:
– 2009 թ. ընթացքում արտահանող ընկերություններին վերադարձվել է շուրջ 18.7 մլրդ դրամի ԱԱՀ-ի գումար : Նշված ռեսուրսները աջակցել են տնտեսավարող սուբյեկտներին դիմակայելու ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ հետագա արդյունավետ գործունեություն ծավալու լուրջ խթան են հանդիսանում:
– Էապես կրճատվել են մի շարք ապրանքատեսակների արտահանման համար պահանջվող փաստաթղթերն ու ընթացակարգերը: Կրճատվել է ներմուծման պահին պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը` պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների թիվը 65-ից նվազեցնելով 16-ի, ինչը էականորեն խնայում է գործարարների ժամանակը:
Թվարկված միջոցառումները նպաստեցին, որ Հայաստանի Հանրապետությունում բարելավվի 2009 թվականի բիզնես միջավայրը, եւ Համաշխարհային բանկի "Doing bussiness"-ի չափանիշները ՀՀ-ում բարելավեցին 7 կետով։ Մենք 50-րդից տեղափոխվեցինք 43-րդ տեղը։
Տնտեսության իրական հատված
– 2009 թվականին "Գյուղատնտեսության հողօգտագործողներին պետական աջակցություն" ծրագրով ընդհանուր առմամբ հացահատիկային մշակաբույսերի համար բարձր լեռնային համայնքներին ցուցաբերվել է 1.57 մլրդ դրամի աջակցություն, որի շնորհիվ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը ավելացել է 14.3 տոկոսով:
– Տնտեսության զարգացման նպաստող ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբում քննարկված և տարբեր աղբյուրներից աջակցություն ստացած ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 39 մլրդ դրամ: Ընդ որում, այս բոլոր գումարների վերաբերյալ որոշումները, նախագծերը տեղադրված են կառավարության էլեկտրոնային կայքում եւ գտնվում են նաեւ հանրության հսկողության տակ:
– Օպերատիվ շտաբի որոշմամբ 5 կառուցապատողների 2009 թվականին տրամադրվել նաև է մոտ 3.5 մլրդ դրամ բյուջետային երաշխիք: Նշված 5 կառուցապատողների շենքերի ավարտվածության աստիճանը մինչև բյուջետային երաշխիքի տրամադրումը կազմել է 70 տոկոս, իսկ երաշխիք ստանալուց հետո` 95 տոկոս: Նշված ընկերություններից մեկը ավարտել է իր շինարարական աշխատանքները: Պետական երաշխիքի տրամադրման շնորհիվ նշված կազմակերպությունները ապահովեցին մոտ 450 աշխատատեղ:
– ՌԴ 185 մլրդ վարկից բաշխված է մոտ 163 մլրդ դրամը, որից 50 մլրդ դրամը ուղղվել է աղետի գոտու շինարարությանը, իսկ մոտ 113 մլրդ. դրամ տնտեսության վարկավորմանն ու աջակցությանը, որից փաստացի ֆինանսավորվել է ավելի քան 96 մլրդ դրամ: Ընդ որում նշված գումարներից 20 մլրդ դրամ ուղղվել է փոքր և միջին ձեռնարկություններին, իսկ ավելի քան 32 մլրդ դրամ` խթանել է արտահանումը. մթերող-վերամշակող, ենթակառուցվածքներ ապահովող ձեռնարկություններին տրամադրվող վարկերի միջոցով, որն իրականացվում է Կենտրոնական բանկի, Հայ-գերմանական հիմնադրամի խողովակի միջոցով:
– Հարկ է նշել նաև, որ նշված 32 մլրդ դրամ արդեն ամբողջությամբ մարվել է: Միևնուն ժամանակ հարկ է նշել, որ մասնավոր հատվածին ռուսական վարկի միջոցները տրամադրվել են ավելի բարձր տոկոսադրույքներով, քան դրանք ներգրավվել էին ՌԴ-ի կողմից: Եվ դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկի զգալի բեռը չի ծանրանալու բյուջեի վրա, այլ սպասարկվելու է մասնավոր հատվածի կողմից: Միունույն ժամանակ, մասնավոր հատվածի համար դա ավելի էժան եւ հասանելի ռեսուրսներ են, ինչը նպատստել է նաեւ տոկոսադրույքների նվազմանը Հայաստանի Հանրապետությունում վարկային ռեսուրսների հասանելիության ավելացմանը, ինչպես նաեւ մենք ձեւավորել ենք կայունացման ֆոնդ Կենտրոնական բանկում, որը նույնպես ապահովել է եկամտաբերություն մեր միջոցների համար եւ դա նպատում է մեր արտաքին պարքի կառավարման բարձր արդյունավետությանը:
– Բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծման, ինչպես նաեւ շինարարության ոլորտի աշխուժացման նպատակով, հիմնվել է "Ազգային hիպոթեքային Ընկերություն" ՈՒՎԿ-ն, որը արդեն իսկ վերաֆինանսավորվել է 4.4 մլրդ դրամի հիփոտեկային վարկեր: Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով որոշվել է պետության կողմից մասնակիորեն սուբսիդավորել հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները, որի նպատակն է խթանել երիտասարդներին մատչելի բնակարան՚ների ապահովումը եւ կատարել Հանրապետության նախագահի նախընտարական ծրագրի կարեւորագույն դրույթներից մեկը:
Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության գնահատման համար կարևոր է հանդիսանում ՀՀ բանկերի կողմից տնտեսության վարկավորման ցուցանիշը: Այսպես, չնայած ՀՆԱ նվազմանը, 2009թ. տնտեսության վարկավորումն աճել է ավելի քան 16 տոկոսով և կազմել 735 մլրդ դրամ: Սա բացառիկ ցուցանիշ է ինչպես ԱՊՀ երկրների շրջանակներում այնպես էլ համաշխարհային ֆինանսական համադրումների ներքո: Առաջին հերթին դա բացատրվում է նրանով, որ մեր բանկերը լավ նախապատրաստված էին տնտեսական ճգնաժամի այս իրավիճակին, ունեին կապիտալիզացիայի և լիկվիդայնության բարձր մակարդակ, և ի տարբերություն այլ պետությունների մենք ոչ մի լումա օժանդակություն առևտրային բանկերին չենք տրամադրել` իրենց խնդիրները լուծելու համար, ավելին բանկերը թույլ են տվել մեզ մեղմել ճգնաժամի բացասական հետևանքները:
Գյուղատնտեսությանը տրամադրված գործող վարկերը կազմել են 44.1 մլրդ դրամ` 2008 թվականի 36.5 մլրդ դրամի դիմաց,ապահովելով 21 տոկոս աճ:
Այսպիսով կարելի է փաստել, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները կայուն հիմքեր են ստեղծել ՀՀ տնտեսական աճի վերականգնման համար, ինչը որ նպատակադրել էինք:
Արդյունքում, 2009 թվականի առաջին կեսին նկատվող տնտեսական անկման արագ տեմպը հնարավոր եղավ դանդաղեցնել և բավականին նպաստավոր հիմքեր ստեղծել արդեն 2010 թվականի տնտեսական աճի համար:
Կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ 2009 թ. սեպտեմբերին գրանցված 18.3%-ոց անկումը տարեվերջի դրությամբ հաջողվեց իջեցնել մինչև 14.2%, իսկ այս տարվա ապրիլ ամսվա դրությամբ մենք արձանագրեցինք 7.2% տնտեսական աճ: Հատկանշական է, որ այս ցուցանիշը հիմնականում պայմանավարված է արդյունաբերության որորտի 12.9%-ոց աճով, ինչը վկայում է կառավարության 2009 թ. տնտեսության կառուցվածքի բարելավման ուղղությամբ իրականացված հետևողական քայլերի մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ եռամսյակի ավարտին մնացել է 1 ամիս, հարկ եմ համարում անդրադառնալ նաև 2010 թվականի կատարման ընթացքում գտնվող ծրագրերին.
– Աշնանը շահագործման կհանձնվի նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը` մոտ 450 մլն ԱՄՆ դոլար արժեքով, որի ամբողջ արտադրված էլեկտրաէներգիան կուղղվի արտահանմանը`այպիսով բարելավելով առևտրային հաշվեկշիռը:
– Շարունակվում են նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքները և առաջիկա ամիսների պատրաստ կլինի ծրագրի կառավարչի կողմից պատրաստված տեխնիկատնտեսական հիմնավորումները:
– Աղետի գոտում այս տարի կներդրվի 24 մլրդ դրամ և շահագործման կհանձնվի ևս 1600 բնակարան:
– Հյուսիս-հարավ ավտոտրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրի շրջանակներում, ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման հաշվետվության հիման վրա, արդեն ավարտվում է առաջի հատվածի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատրաստումն ու առնվազն 50 միլիոն դոլարի աշխատանքներ կիրականացվեցն այս տարվա ընթացքում:
– Հյուսիս- հարավ երկաթգծի շինարարության նպատակով շարունակվում են աշխատանքները ներդրողների հետ և 2010թ. Մենք կհայտարարենք այդ աշխատանքների սկիզբը:
– Շարունակվում են 25 մլրդ դրամ արժողությամբ ծրագրերը ոռոգման, ջրամատակարարաման և ջրահեռացման բնագավառներում, ինչը կբարձրացնի գյուղատնտեսության մրցունակությունը: Նշենք, որ այս գումարը 50%-ով բարձր է 2009 թ. նույն ցուցանիշից:
– Հոկտեմբերին կավարտվի Տաթևի վանական համալիրի վերականգնման և տարածաշրջանի տուրիստական գրավչությունը բարձրացնելու ծրագիրը, որը լուջ խթան կհանդիսանա տուրիզմի զարգացման համար:
Ավարտելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ այս բոլոր ծրագրերի իրականացման մեջ իր կարևոր դերակատարումն ունեցավ նաև Ազգային ժողովը, որը օժանդակել է մեզ ոչ միայն մեր կողմից ներկայացրած օրենսդրական փաստաթղթերն ընդունելով այլ նաև միջազգային վարկային համաձայնագրերի վավերացմամբ այնպես էլ իր սեփական նախաձեռնություններով հանդես գալով, որոնք ունեին հակաճգնաժամային բովանդակություն և որոնք մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք:
Շնորհակալություն ուշադրության համար: