Երևանում աստիճանաբար կդադարեցվի եկամտահարկի վերադարձի ծրագիրը
Մարզերում բնակարանաշինությունը խթանելու նպատակով գործադիրն առաջարկում է փոխել եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Ֆինանսների նախարարը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ օրենսդրական փոփոխության նպատակը հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը փոխելն է և դրան տարածքային համաչափ զարգացման նշանակություն և ավելի ընդգծված սոցիալական նշանակություն հաղորդելն է: Նախարարն ամփոփ տեղեկանք է ներկայացրել ծրագրի արդյունքների վերաբերյալ. արտոնությունը գործում է ավելի քան 5 տարի ժամկետում, կարգավորումն սկզբնապես ընդունվել է ընդգծված տնտեսական նշանակությամբ, առանց սահմանափակումների: Այն նախատեսել է վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիպոթեկային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով:
2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն. սահմանվել էր, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել էր 55 մլն դրամով: Արտոնության կիրառության ընթացքում և հատկապես վերջին 2 տարում կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է. եթե 2015-2017թթ. ծրագրի նոր շահառուներ են եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019թթ. շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000 մարդ, իսկ 2020թ. նոր շահառուները եղել են 5200: Կտրուկ աճել են պետբյուջեից վերադարձվող եկամտային հարկի գումարները. եթե 2016-2017թթ. պետբյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019թ. աճը կազմել է 3.3 մլրդ դրամ, իսկ 2020թ.՝ 5.4 մլրդ դրամ՝ միայն 2020թ. հաստկացումների մասով հանրագումարով հասնելով 13.3 մլրդ դրամի: Ներկայում ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17000-ը, իսկ այս տարեվերջին հատկացված գումարը կկազմի մոտ 21 մլրդ դրամ, շահառուների քանակը՝ 20000: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երևանում. առաջին տարիների ընթացքում այն հատկապես իրականացվել է Երևանի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում և միայն վերջին տարիների ընթացքում է նկատվում կենտրոնից կառուցապատման հեռացվածության որոշակի ավելացում: Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը. առ այսօր կառուցապատված բնակարաններում եկամտային հարկի արտոնության դիմաց շահառուների քանակը ընդամենը 7 տոկոս է, մնացած 93 տոկոսը գտնվել է Երևանում:
Հաշվի առնելով այս արտոնության տնտեսական և սոցիալական ազդեցության զգալի ներուժը՝ փոփոխությամբ առաջարկվում է դրան տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը և կընդգծի դրա սոցիալական բնույթը: Այդ նպատակով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2022թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023թ. հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտու, 2023թ. հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտու, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ: Այդպիսով, առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղորդվեն Երևանի չորրորդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների՝ դեպի Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր, քանի որ այս ծրագրի շահառուներ կարող են լինել նաև անհատական բնակելի տներ կառուցողները: Միաժամանակ, հաշվի առնելով ներկայում կառուցապատման մեջ գտնվող ծրագրերի համար պայմանները չվատթարացնելու կարևորությունը, ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով՝ առաջարկվում է սահմանել, որ ներկայում սահմանված արտոնությունները շարունակեն կիրառվել նաև այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարական թույլտվությունները ստացված կլինեն մինչև 2022թ. հունվարի 1-ը: Նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքի ընդունումը կամ մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։
Ֆինանսների նախարարը նաև պարզաբանել է, որ շինարարական թույլտվությունների համար արտոնյալ ժամկետ է սահմանվում 2022թ. հունվարի 1-ը, և որպեսզի այն երկարաժամկետ ձգձգվող գործընթաց չդառնա, Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ կաշխատեն՝ այս կիրառության առումով խելամիտ սահմանափակումներ մշակելու շուրջ, որոնք կնպաստեն տրված թույլտվությունների շրջանակում շինարարության արագ իրականացմանը:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են բնակֆոնդի թարմացմանը, ներդրողների հետ համագործակցությանը, շինարարության ստանդարտներին, մարզերում բնակարանաշինության ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր: